Վերջերս Ախալքալաքում փոքրահասակ երեխաների մոտ տարածված երևույթ է կակազությունն ու թլվատությունը: Լոգոպեդի կարծիքով պատճառը ծնողների անտարբեր վերաբերմունքն է իրենց երեխաների հանդեպ:

Արդեն երեք տարի է Ախալքալաքի մանկապարտեզներում գործում է լոգոպեդի ծառայությունը: Շուտով քաղաքի երկրորդ մանակապարտեզում հատուկ սենյակ կբացվի, անհրաժեշտ բոլոր կահավորանքով ու խաղալիքներով:

Ախալքալաքի մանկապարտեզների միավորման տնօրեն Զառա Բարբարյանի խոսքերով, մանկապարտեզ հաճախող երեխաների մոտ շատ տարածված երևույթ է թլվատությունը: Այն վերացնելու ուղղությամբ թվով 11 մանկապարտեզներում աշխատում է ընդամենը մի լոգոպեդ: Լոգոպեդը օրական հաճախում է քաղաքի մի մանկապարտեզ և աշխատում արտաբերական օրգանների խնդիրներ ունեցող երեխաների հետ:

«Խնդիրներ ունեցող երեխաների հետ լոգոպեդն առանձին է աշխատում, բայց մինչև հիմա սենյակ չուներ, դրա համար որոշեցինք առանձին սենյակ հատկացնել նրա համար: Երեխա կա, որ բառ չի ասում, ենթադրենք, պիտի ասի արև, անհասկանալի տառեր է արտասանում, որտեղ առհասարակ արև բառը չես լսում: Երեխա կա, որի մոտ շատ թույլ է արտահայտված, շատ կարևոր է, որ երեխաները լեզվի մարզանքներ անցնեն, քանի որ հենց դրանով է բացվում երեխայի խոսակցականը», – ասաց Զառա Բարբարյանը:

Նարինեի (անունը փոխված է) երեխան 4 տարեկան է, սակայն բառերը արտասանում է աղավաղված և շատ հաճախ երեխայի ասելիքը չի հասկացվում, ինչի արդյունքում երեխան լարվում է և մեկուսանում շրջապատից:

«Իմ երեխան դեռ փոքրուց շատ էր սիրում մուլտֆիլմեր դիտել: 5 ժամ նա կարող է հանգիստ նստել և մուլտ նայել: Երբ սկսեց խոսել, նորմալ չէր արտասանում բառերը, և բոլորն ասում էին երեխաներն այդպես են: Բայց որդիս մեծանալով սկսեց միայն մուլտերում օգտագործվող բառերն արտասանել: Ինչ որ բան է ուզում, բայց չեմ հասկանում ինչ, ինքը լարվում է, շատ հաճախ լացում: Բերեցի մանկապարտեզ, հիմա մասնագետն աշխատում է նրա հետ, ճիշտ է դեռ չի վերացել ամբողջ խնդիրը, բայց զգացվում է, որ համեմատած տղաս ավելի հանգիստ է դարձել»,- ասաց Նարինեն:

Եթե ծնողը շատ ուշադիր է և լոգոպեդի հետ աշխատում է, շատ հեշտությամբ և կարճ ժամանակում արտաբերական խնդիրները հնարավոր է վերացնել, համարում է լոգոպեդը:

«Մեր ծնողները բացարձակ չեն խաղում իրենց երեխաների հետ, բացակայում է այսպես ասած՝ կենդանի խաղը: Մուլտիկը մի կողմից շատ լավ է, մյուս կողմից վատ, երեխայի մտահորիզոնը զարգանում է, բայց մյուս կողմից հակառակը: Երեխան չի խոսում, այնինչ խաղի ընթացքում պետք է խոսի, միայն տեսնելով ու լսելով չէ, բայց եթե այդ ամեն ինչը երեխայի հետ խաղի միջոցով անես, ավելի հեշտ ու մաքուր կմբռնի երևույթները, իրերը»,- բացատրեց օլիգոֆրենո մանկավարժ, լոգոպեդ Շուշանիկ Կոբելյանը:

Նման խնդիրներով երեխաները Ախալքալաքի շրջանում շատ են, յուրաքանչյուր մանկապարտեզում մոտավոր տվյալներով 40 երեխա արտաբերական ապարատի հետ կապված խնդիր ունի: Նշենք, որ Ախալքալաքի շրջանում գործող 11 մանկապարտեզ է հաճախում շուրջ 750 երեխա: Նրանց կեսից ավելին թլվատություն, կակազություն և այլ խնդիրներ ունի: Հարկ է նշել որ Ախալքալաքի շրջանում նախադպրոցական կրթություն է ստանում ընդամենը երեխաների 30 տոկոսը: Ինչից կարելի է պատկերացում կազմել, որ խնդիրներով երեխաների թիվը բավականին մեծ է:

«Մանկապարտեզ կա, որ 40 երեխա ունի, ում հետ պետք է աշխատի մասնագետը: Կան ծնողներ որ ֆինանս չունեն, որ դիմեն լոգոպեդի ծառայության, բայց շատ ծնողներ չեն գիտակցում իրենց երեխայի խնդրի ամբողջ լրջությունը: Երեխան շատ լուրջ խնդիրներ կունենա դպրոց հաճախելու ժամանակ, օրինակ թլվատություն ունեցողների մոտ, կազդի գրավոր խոսքի վրա: Կա, որ խնդիրն այնքան է խորանում երեխայի մոտ, որ չի վերացվում: Օրինակ. անցած տարի 120 երեխայի հետ եմ աշխատել, որից 70 նորմալ դպրոց է գնացել: Ծնողներն այնքան անտարբեր են՝ կանչում ասում ես, որ երեխան խնդիր ունի, նույնիսկ չի բարեհաճում գալ, կամ լուրջ չի ընդունում»,- ասաց օլիգոֆրենո մանկավարժ, լոգոպեդ Շուշանիկ Կոբելյանը:

Շուշանիկը միակ մասնագետն է, որ Ախալքալաքում զբաղվում է երեխաների հետ, հատուկ այցեր է կատարում շրջանի մանկապարտեզներ և վարժությունների օգնությամբ հայտնաբերում է խոսքը սխալ արտասանող երեխաներին և առանձին-առանձին աշխատում նրանց հետ:

Նշենք, որ թլվատությունն իրենից ներկայացնում է խոսքի խանգարում, որը բնորոշվում է հնչյունների ոչ ճիշտ արտասանությամբ: Առավել բնորոշ է «Ռ» հնչյունի աղավաղված արտասանությունը: Եթե թլվատությունը կապված է դաստիարակության հետ, ապա արատը շտկում է լոգոպետը: Եթե թլվատությունը պայմանավորված է խոսքային ապարատի անկանոն կառուցվածքով, այն վերացվում է հատուկ հարմարանքների և պրոթեզների օգնությամբ: Որոշ դեպքերում պահանջվում է պլաստիկ վիրահատություն:

Աղունիկ Այվազյան