Ախալքալաքի շրջանում ամանորից հետո կարտոֆիլի իրացման գործընթացը ակտիվացավ, բացի այդ շրջանի հիմնական գյուղատնտեսական արտադրանքի գները սկսեցին աճել:

Ախալքալաքի շրջանի գյուղերում արդեն սկսվել է կարտոֆիլի ակտիվ վաճառքը: Ամեն օր 2-3 խոշոր բեռնատարներ կարտոֆիլ են տանում: Եթե նախորդ տարի 1 կգ կարտոֆիլը արժեր 0.20-0.28 լարի, այսօր արժի 0.45-0.50 լարի: Հողագործները արդեն գոհ են այդ գնից, թեև կան մարդիկ, ովքեր ասում են, որ այս գինը չի ծածկում իրենց ծախսերը:

Չիրիկչյան Վոլոդյան Կարծախ գյուղից ասում է, որ նոր տարուց գնորդների թիվը աճել է:

«Ես իմ կարտոֆիլը 35 թեթրիի վաճառել եմ, ինչ արած դա էլ լավ է, եթե հաշվի առնենք այն փաստը, որ անցյալ տարի գինը 20 թեթրի էր: Բայց հիմա 40 են տալիս: Օրեց օր գինը աճում է », – ասում է Վլադիմիր Չիրիկչյանը:

Սամվելը Կարծախ գյուղից արդեն վաճառել է 15 տոննա կարտոֆիլ:

«Հիմա լավ է վաճառում: Ինչ որ ունեի – 15 տոննա, ես վաճառել եմ: Մեր գյուղում գրեթե բոլորն արդեն վաճառել են իրենց կարտոֆիլը », – ասում է Սամվելը:

Մառնեուլցի Էլիզբար Ալիևը արդեն երկրորդ անգամն է տանում կարտոֆիլ Ախալքալաքի շրջանից: Մենք հանդիպեցինք նրան, երբ նա համապատասխան կարտոֆիլ էր փնտրում Վաչիան գյուղում:

«Նրանք թանկ են ուզում, ուզում են 60-65 թեթրի: Ես լավագույն կարտոֆիլի համար պատրաստ եմ վճարել 50 թեթրի: Նախանցյալ օրը, ես գնել եմ այդ գնով: Մենք կարտոֆիլը ուղարկում ենք Ադրբեջան: Չկարծեք, որ մենք շատ ենք վաստակում: Մենք վճարում ենք մաքսազերծման համար, վագոնների: Մեկ անգամով ես տանում եմ 10 տոննա կարտոֆիլ », – ասաց Էլիզբար Ալիևը:

Կան հողագործներ, որոնք ավելի թանկացման հույսով, դեռ չեն ցանկանում վաճառել իրենց կարտոֆիլը: Խաչատուր Պալոյանը Վաչիան գյուղից նրանցից մեկն է:

«Ես ունեմ 20 տոննա կարտոֆիլ, բայց ես դեռ սպասում եմ որ գները աճեն 60-70 թեթրիի: Կարտոֆիլ մեր գյուղում համայա թե չի մնացել», – ասում է Խաչատուր Պալոյանը:

Ըստ Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկատվա-խորհրդատվական Կենտրոնի ղեկավար Ռամազ Գոգոլաձեի, հիմա Ախալքալաքի կարտոֆիլի գլխավոր գնորդները ադրբեջանցիներն են:

«Աշնանը վաճառողները շատ էին, իսկ գնորդները՝ քիչ: Աշնանը ֆերմերները ունեին վարկեր, երեխաներին էր պետք դպրոց ուղարկել, վառելափայտ էր պետք գնել ձմեռվա համար, այդ պատճառով բոլորը սկսեցին միանգամից վաճառել և գինը ընկավ: Իսկ այժմ գնորդները շատացել են, բացվեց Ադրբեջանի հետ սահմանը », – ասում է Ռամազ Գոգոլաձեն:

2016թ.-ին Ախալքալաքի շրջանում լավ կարտոֆիլի բերք է հավաքվել: Միջին բերքատվությունը կազմել է 17-19 տոննա/հա, մինչ դեռ նախորդ տարի այն կազմել էր 13-15 տոննա/հա:

Այս տարի Ախալքալաքի շրջանում ցանվել էր 9500 հա կարտոֆիլ: Այսօր, ըստ Ախալքալաքի տեղեկատվա-խորհրդատվական Կենտրոնի ղեկավարի, ամբողջ բերքի 50%-ը արդեն ռեալիզացվել է:

Շուշան Շիրինյան