Այսօր ամանորյա անակնկալ նվերներ ստացան Ախալքալաքի ծնողազուրկ և կարիքավոր ընտանիքների երեխաները և նորածինները:

Հունվարի 12-ին Վրաստանի Հայ Օգնության միությունը տոնական միջոցառում էր կազմակերպել կարիքավոր և ծնողազուրկ ընտանիքների երեխաների, ինչպես նաև նորածինների համար:

Նվերներ ստացան 2017 թվականին Ախալքալաքի ծննդատանը ծնված փոքրիկները: Նշենք, որ Ախալքալաքի ծննդատանը ամանորի գիշերը առաջին ծնված երեխան Կարինե Հակոբյանն է՝ Կիրովական գյուղից:

Ծննդատուն այցելությունից հետո տոնական միջոցառում անցկացվեց Ախալքալաքի Հայկական երիտասարդական կենտրոնում: Կարիքավոր և ծնողազուրկ շուրջ 30 երեխաներին այցի էին եկել Ձմեռ պապն ու Ձյունանուշը:

Երեխաներին շնորհավորելու էր եկել նաև Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը: Միջոցառման սկիզբն ազդարարվեց Տերունական աղոթքով, որից հետո երեխաները սկսեցին բանաստեղծություններ արտասանել և այդպիսով «վաստակել» իրենց ամանորյա նվերները:

«Ամեն տարի ամանորին Սամցխե-Ջավախքի 4 շրջաններում նվերներ ենք բաժանում: Հիմնականում ծրագիրը նախատեսված է ծնողազուրկ երեխաների, կարիքավոր ընտանիքների համար, բայց մենք ավելացրել ենք, նաև այցելում ենք Նինոծմինդայի և Ախալքալաքի ծննդատներ: Ախալքալաքի շրջանում ծնողազուրկ երեխաների թիվը մեծ է, սակայն 15 տարեկանից բարձր երեխաների մոտ ամոթխածություն կա, նրանք ամաչում են մասնակցել այս ծրագրին, դրա համար այսօր այստեղ են 2-ից մինչև 15 տարեկան երեխաները»,- ասաց ՎՀՕՄ ատենապետուհի Կարինե Թադևոսյանը:

Ծրագրի կազմակերպիչների խոսքերով ամանորյա այս ծրագիրն արդեն խորը հիմքեր ունի և ամեն տարի երեխաները սրտի թրթիռով սպասում են Ձմեռ պապի և Ձյունանուշի նվերներին:
amanor5

amanor4

amanor6

amanor7

Աղունիկ Այվազյան