Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում մանկապարտեզ կառուցելու մտահղացում առաջացել էր դեռևս հինգ տարի առաջ, սակայն ելնելով որոշ խնդիրներից մանկապարտեզի կառուցումը հետաձգվեց մինչև այսօր։

Գյուղում մոտավորապես 50 մանկապարտեզային տարիքի երեխա կա և ծնողները միշտ խոսում են նախադպրոցական կրթության հաստատության անհրաժեշտության մասին։

Չնայած կարծախցիները մանկապարտեզին և դրա կառուցման վերաբերյալ հարցերին պատասխանելուց խուսափեցին, ասես գյուղի գաղտնիք լիներ, այնուամենայնիվ գյուղապետի հետ զրույցից պարզ դարձավ, որ մանկապարտեզի գոյության կարիք ունեն գյուղի բնակիչների մեծամասնությունը։

«Մենք գյուղում շատ երեխաներ ունենք և հարմար զբաղմունք կամ խաղահրապարակ չունենք, մանկապարտեզի կարիք նոր չէ որ ունենք, դեռևս հինգ տարի առաջ որոշել էինք մանկապարտեզ կառուցել, սակայն տեղի հետ կապված խնդիրներ առաջացավ և մանկապարտեզի շինարարությունը վերջնականապես կսկսենք այս տարի»,- մեզ հետ զրույցում ասաց Կարծախի գյուղապետ Ատոմ Հողմրցյանը։

Այսօր մանկապարտեզի կառուցման տեղը վերջնականապես որոշվել է, այն կկառուցվի մշակույթի տան հարևանությամբ։ Նախկին վայրը, որտեղ նախատեսված էր մանկապարտեզի կառուցումը, մունիցիպալիտետի տարածք չէր՝ ինչն էլ դրա շինարարական աշխատանքների հետաձգման առիթ է հանդիսացել։ Հետո որոշվել էր մանկապարտեզը կառուցել գյուղի մշակույթի տան հարակից կիսակառույց տարածքում, որը երեխաների քանակի համեմատ բավականին փոքր է: Սակայն ի վերջո մանկապարտեզի կառուցման համար հատկացվել է հատուկ վայր, իսկ վերոնշյալ կից տարածքը օգտագործվում է որպես պարադահլիճ։

«Մանկապարտեզի կառուցման համար նախատեսված սկզբնական գումարը եղել է 250 հազար լարի, բայց ռելիեֆի հետ կապված չնախատեսված ծախսեր առաջացան, ինչն էլ նպաստեց գումարի ավելացմանը, որը ի վերջո կազմեց 274 հազար լարի»,- մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաքի շրջանի ենթակառուցվածքի, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Ալբերտ Նահատակյանը:

Աշխատանքները համակարգող ընկերությունը դեռևս պարզ չէ, սակայն ինչպես տեղեկացրեց Ալբերտ Նահատակյանը, մանկապարտեզի շինարարական աշխատանքների տենդերը շահող ընկերությունը պարզ կլինի փետրվարին, որից անմիջապես հետո կսկսվեն շինարարական աշխատանքները։

Ջուլիետա Տոնականյան