Այս տարի Ախալքալաքի շրջանում ևս 4 նոր ջրագիծ կտարվեն և խմելու ջրով վերջնական կապահովվեն ևս 7 գյուղեր, սակայն խնդիրը դեռևս մեր շրջանում արդիական է մնում:

Ախալքալաքի շրջանը հարուստ է բնական ջրերով, սակայն այստեղ մարդիկ դեռևս խմելու ջուրը դույլերով են կրում: Շրջանային վարչության տվյալներով շրջանի բնակչության 80 տոկոսից ավելին ապահովված է խմելու ջրով:

Այս տարի պետական բյուջեի միջոցներով ամբողջովին նոր ջրագիծ կանցկացվի Կոկիո գյուղ, ինչի համար հատկացվել է 250 000 լարի: Այս ծրագրի շրջանակներում ոչ միայն նոր ջրագիծ կկառուցվի Կոկիո, այլև ամբողջովին կվերականգնվի հենց գյուղամիջյան ջրամատակարարման համակարգը և վերջնական կլուծվի Կոկիո գյուղի խմելու ջրի խնդիրը:

Պետական բյուջեից 150 000 լարի է հատկացված Կարտիկամ գյուղի խմելու ջրի համար: Նշենք, որ Կարտիկամում ջրատարի մի մասը նորոգած է, իսկ մյուսը՝ հին է և շարքից դուրս եկած: Հին խողովակների պատճառով ջուրը տեղ է հասնում բավականին մեծ ծավալի կորուստներով:

2017 թվականին կլուծվի նաև Բեժանո, Ալաթուման գյուղերի խմելու ջրի խնդիրը: Ախալքալաքի տեղական բյուջեից 255 000 լարի է հատկացվել ջրամատակարարման համար, որից 50 000 լարին Տրկնա գյուղին, իսկ 205 000-ը Բեժանո-Ալաթուման ջրատարի անցկացմանը:

«Այս գյուղերում ջրատարի անցկացման աշխատանքների որոշ մասն արդեն իսկ իրականացված է, արդեն 3 տարի է «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում փող է հատկացվում: Այս տարի վերջնական կլուծվի նշված խնդիրը տվյալ երկու գյուղերում: Գնալով մարդկանց պահանջը շատանում է, եթե առաջ գյուղում մարդ մի աղբյուր ուներ, հիմա այլ է՝ բաղնիք, զուգարան, ջուրը վազում է թե ներսում, թե դրսում և բնականաբար բոլորին չի բավականացնում: Պետք է մեծացվի, փոխվի ջրի գլխավոր մագիստրալները», – ասաց Ախալքալաքի շրջանի ենթակառուցվածքի, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Ալբերտ Նահատակյանը:

Ախալքալաքի վարչության աշխատակիցների խոսքերով շատ գյուղերում խմելու ջրի խնդիր է առաջանում հենց բնակիչների անխնա օգտագործման արդյունքում: Ջուրը կբավականացնի բոլորին, եթե բնակիչները մի քիչ սրտացավ մոտենան խնդրին և ջրի ծորակը հենց այնպես, անիմաստ բաց չթողնեն:

Ախալքալաքի շրջանային վարչությունը նախագիծ է մշակում, որպեսզի լուծվի նաև Գումբուրդո և Հոկամ գյուղերի ջրամատակարարման խնդիրը:

Չնայած ամեն տարի տեղական բյուջեից գումար է հատկացվում գյուղերը խմելու ջրով ապահովելու համար, միևնույն է շրջանում դեռևս կան գյուղեր, որտեղ առհասարակ ջրատար գոյություն չունի: Տրկնա գյուղում ջրագիծ գոյություն չունի, մարդիկ այստեղ մինչ օրս ձեռքով ջուր են կրում:

«Տրկնան ընդհանրապես ջրագիծ չունի, հորատանցքեր են ընդամենը: Հիմա ունենք բյուջեով նախատեսված միջոցներ, իհարկե Գոման գյուղի հետ համաձայնեցված, Գոմանից մի գիծ կտանենք, որպեսզի գյուղի մեջ մի տեղ արտեզյան ջուր ունենան: Ջուրը չի բավականացնում նաև Բուղաշեն, Բալխո, Կարծախ և այլ գյուղերում: Առաջնահերթ ուշադրություն ենք դարձնում, որպեսզի մարդիկ ապահովված լինեն խմելու ջրով: Հուսանք, որ լավ աշխատելու դեպքում մինջև 2018 թվականը ամբողջովին կվերացվի այս խնդիրը»,- ասաց Ալբերտ Նահատակյանը:

Աղունիկ Այվազյան