Ախալքալաքի շրջանի բնակիչները բողոքում են շտապօգնության ծառայությունից, ասելով, որ շտապ օգնությունը Ախալքալաքում շտապ չի: Ախալքալաքի ծառայության մենեջերը կարծում է, որ խնդիրը բժիշկների և բրիգադի պակասի մեջ է:

Ախալքալաքի շրջանում քաղաքացիները բողոքում են շտապօգնության աշխատանքից:

Ջուլիա Շիրինյանը վրդովմունքով 2 անգամ զանգահարեց jnews.ge խմբագրություն, ասելով, որ այդպես չի կարող շարունակվել:

«Օրերս, երկու անգամ կանչել ենք, երկու անգամն էլ շտապօգնությունը ժամանեց 2-3 ժամ ուշացումով: Ճիշտ է ես շնորհակալ եմ բժիշկ Մայայից, ով ժամանեց և օգնեց: Բայց այդպես հնարավոր չէ, մեծ տարածաշրջան է և շտապօգնությունը միշտ զբաղված է, մինչ այն կժամանի հիվանդը կամ կմահանա, կամ կլավանա », – ասում է Ջուլիա Շիրինյանը:

Ախալքալաքի շտապ օգնության բաժնում մշտական աշխատում է երկու բրիգադ: Ախալքալաքի շտապ օգնության բաժնի մենեջեր Երեմ Եզոյանը ասում է, որ տեղյակ է բնակչության բողոքներին, սակայն նա ոչինչ չի կարող անել, քանի որ չեն կարողանում բժիշկ գտնել, ովքեր կուզենային աշխատել շտապօգնության ծառայությունում:

«Երկու բրիգադը մեր շրջանի համար շատ քիչ է: Մարդիկ ստիպված են սպասել: Օրինակ հիմա, եթե լինի երրորդ կանչ, նրանք պետք է սպասեն, քանի որ երկու բրիգադն էլ կանչի մեջ է: Մարդիկ հայհոյում են մեզ, կռվում մեզ հետ, բայց մենք չենք ուշանում, այլ պարզապես չենք հասցնում», – ասում է Երեմ Եզոյանը:

Ըստ մենեջերի, ցածր աշխատավարձի պատճառով (400-500 լարի) ոչ ոք չի ցանկանում աշխատել: Եթե գտնվեն բժիշկներ, ապա Շտապ օգնության կենտրոնը, որը գործում է Վրաստանի առողջապահության նախարարությանը կից, կտրամադրի երրորդ մեքենան, այսինքն կբացվի ևս մեկ բրիգադ:

Ներկա պահին Ախալքալաքի շտապ օգնության բաժնում աշխատում է 7 բժիշկ, իսկ երկու բրիգադների համար անհրաժեշտ է 8-ը, մեկ բժիշկը աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ: Հինգ բժիշկները Ախալքալաքից են, իսկ երկուսը գալիս են են Ասպինձայից: Ծառայությունը ունի բժշկի երեք թափուր աշխատատեղ:

Ըստ Երեմ Եզոյանի անցյալ տարի աշխատողների բացակայության պատճառով երկու օր շտապօգնության ծառայությունը Ախալքալաքում դադարեցրել էր իր աշխատանքը:

Միջին հաշվով, Ախալքալաքի շրջանում օրական լինում է 20-ից 23 կանչ: Շտապ օգնություն մարդիկ զանգահարում են հավաքելով 112 հեռախոսահամարը: Զանգերը ստանում են Թբիլիսիի օպերատորները, որտեղ էլ բոլոր զանգերը կարգավորվում են: Շտապ օգնությունը կենտրոնացված ծառայություն է:

Այն պատճառով որ, շտապ օգնության սպասարկման բրիգադը Ախալքալաքի շրջանում ընդհամենը երկուսն է, ինչը բավարար չէ մեծ շրջանի համար, ուստի հաճախ Ախալքալաքի շրջանը սպասարկում են Նինոծմինդայի շրջանի Շտապ օգնության բրիգադները ու երբեմն էլ նույնիսկ՝ Ասպինձայի:

Նինոծմինդայի շտապ օգնության բաժնում նույնպես երկու բրիգադ է աշխատում:

«Մենք չենք հասցնում, իսկ Նինոծմինդայում կանչերը քիչ են: Եվ քանի որ ամեն ինչ կենտրոնացված է, երբ մենք զբաղված ենք լինում, Թբիլիսիից այստեղ են ուղարկում Նինոծմինդայի բրիգադին: Գրեթե ամեն օր նրանք այստեղ լինում են: Մենք ավելի շատ կանչեր ենք ունենում, քան նրանք: Եվ ստացվում է, որ մեզ մոտ երեք բրիգադ է աշխատում կամ մարդիկ ստիպված են սպասել », – ասում է մենեջեր Երեմ Եզոյանը:

Ըստ նրա, 20 կանչերից միայն երկուսն են համապատասխանում նրան, որ շտապօգնություն կանչեն: Մյուս դեպքերում հնարավոր է նաև չզանգել շտապօգնությանը:

«Կանչում են հարցնում, թե որքան կարող է ապրել հիվանդը, պետք է արդյոք դիմել այլ բժշկի: Ատամն է ցավում կանչում են, 38 աստիճան տաքություն են ունենում կանչում են, այդ իսկ պատճառով մենք ուղղակի ֆիզիկապես չենք հասցնում », – ասում է Երեմ Եզոյանը:

Պետք է նշել, որ շտապօգնության ծառայությունը անվճար է: Սեպտեմբերից անվճար է նաև Վրաստանում ապրող այլ երկրի քաղաքացիների համար, ինչպես նաև նրանց համար, ովքեր ունեն բնակության թույլտվություն:

Շուշան Շիրինյան