Բուռնաշեթ գյուղի գրադարանի գրքերը արդեն կես տարի է գտնվում են բաց երկնքի տակ:Գյուղի ակումբի շենքի տանիքի երկար սպասված վերանորոգումը այդպես էլ չիրականացրեցին:

2016թ.-ի հունիսի 20-ին Բուռնաշեթ գյուղի ակումբի ամբողջ տանիքը քամին քշել էր: Գյուղի գրադարանը գտնվում է ակումբի շենքի առաջին հարկում:Հողմապտույտից հետո գրադարանի գրքերը գտնվում են խոնավության ու կեղտի մեջ:

Այսօր, ինչպես հունիսին՝ առաջին օրերը հողմապտույտից հետո, Բուռնաշեթ գյուղի ակումբի շենք հնարավոր չէ մտնել: Եթե նախկինում շենք անհնար էր մտնել տանիքից ընկած շիֆերների պատճառով, ապա այսօր մուտքը փակել է ձյունը: Աշնանը գրադարանի գրքերի վրա կաթում էր անձրևը իսկ ձմռանը՝ ձյունը: Որպեսզի ինչ-որ կերպ պաշտպանեն գրքերը, գրադարանի աշխատողը դրանք ծածկել է ցելոֆանով և մոմլաթով:

Բուռնաշեթի գյուղական ակումբ մեր կատարած այցի ժամանակ, սեղանների վրա կային սառեցված ջրով թասեր: Ակումբի երկրորդ հարկում գյուղի պարային խումբն էր պարապում: Նրանք նույնպես հողմապտույտից (մրրիկ) հետո չեն կարող շենքում պարապել, քանի որ այնտեղ ոչ միայն պայմաններ չկան, այլև վտանգավոր է: Տանիքը խոնավությունից կախվել է:

burnashet3

Ախալքալաքի Շրջանային վարչությունը այդ աշխատանքների համար պարզեցված տենդեր-մրցույթ հայտարարեց միայն դեկտեմբերի 19-ին և հատկացրեց` 68 588 լարի: Տենդերը տեղի է ունեցել, այժմ ընթանում է ընտրության գործընթացը և տենդերի մասնակիցների գնահատականները:

burnashet4

Գրադարանի աշխատող Վարշամ Հարությունյանը ասում է, որ խոստացել էին վերանորոգել, բայց դեռ ոչինչ չեն արել:

«Ջուրը ցելոֆաններից և մոմլաթներից կաթում է հատակին: Ընտրություններից առաջ ասացին, որ վերանորոգման համար հատկացրել են 41 000 լարի, սակայն ձգձգում են: Տանիքն էլ որ փոխեն, միևնույն է անհրաժեշտ է նաև վերանորոգել: Այսպիսի պայմաններում անհնար է աշխատել: Ցուրտ է և վտանգավոր », – ասում է Վարշամ Հարությունյանը:

Բուռնաշեթի գրադարանում կա 6000 գիրք: Վերջին անգամ գրադարանաը թարմացվել է մեկ տարի առաջ` հայ-վրացական նկարներով գրքերով: Իսկ հայ գրականություն գրադարանը չի ստացել Խորհրդային Միության փլուզումից հետո:

burnashet2

Ըստ Վարշամ Հարությունյանի գրադարանի այցելուների քանակը քիչ է, սակայն կա: Նա անհրաժեշտ գրքերը տանում է տուն, ու աշակերտները գալիս տնից վերցնում են:

Ախալքալաքի շրջանի ենթակառուցվածքի, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Ալբերտ Նահատակյանն ասում է, որ վերանորոգման ուշացմանը նպաստել է դեպքերի զուգատիպությունը:

«Բյուջեում փող չկար, հետո ընտրություններն էին, և մենք իրավունք չունեինք բյուջեում փոփոխություններ անել: Անցավ երկու ամիս: Տենդեր-մրցույթի խնայողություններից մենք առանձնացրեցինք միջոցներ Բուռնաշեթի ակումբի տանիքի վերանորոգման համար: Մեր պահուստային ֆոնդում նույնպես գումար չկար, ամբողջ գումարը ծախսվել էր №1 զինվորական ավանի շենքերի տանիքների վերանորոգման վրա: Ընտրություններից հետո կատարվեցին փոփոխություններ », – ասաց Ալբերտ Նահատակյանը:

Ըստ Ալբերտ Նահատակյանի ձմռանը վերանորոգման աշխատանքներ իրականացնելը դժվար է, սակայն՝ հնարավոր:

Շուշան Շիրինյան