Ախալքալաքի Դերենիկ Դեմիրճյանի անվան «Պույ-պույ» տիկնիկային թատրոնի ծավալած գործնեության և խնդիրների մասին խոսում է թատրոնի հիմնադիր տնօրեն Սամվել Խոդիկյանը:

Պարոն Խոդիկյան մի քիչ կպատմեք Ջավախքի տիկնիկային «Պույ-պույ» թատրոնի աշխատանքի մասին՝ հիմնադրումից մինչ այսօր:

– Ջավախքի «Պույ-պույ» տիկնիկային թատրոնը գործում է 1999 թվականի սեպտեմբեր ամսից, արդեն 17 տարի: Այսօրվա դրությամբ մեր խաղացանկում 10 ներկայացում ունենք, այնինչ պետական թատրոններն էլ այդքան չունեն: 70-ից ավել պրոֆեսիոնալ արհեստավարժ տիկնիկներ ունենք, որոնց ամեն մի մասը շարժական է՝ գլուխ, աչք, բերան, ձեռք և ոտք: Բացի դրանից ունեմ տիկնիկներ, որ արտասվում են, ինչը շատ մեծ հաճույք է պատճառում փոքրիկներին: Այս տարիների ընթացքում մասնակցել ենք բազում փառատոնների՝ թե հայաստանյան, թե հանրապետական, թե միջազգային և ամեն անգամ արժանացել ենք ժյուրիի և հանդիսատեսի բարձր գնահատականին: Երբ 1999 թ.-ին մեզ հրավիրեցին Բաթում փառատոնի, մենք այդ ժամանակ չունեինք տիկնիկային թատրոն, դա ինձ վրա շատ վատ ազդեց, թե ինչու մեր շրջանը չի կարող ունենալ տիկնիկային թատրոն և ես ստեղծեցի իմ ձեռքերով, իմ աշխատանքով, և իմ ամբողջ ուժն ու կարողությունները ներդրեցի այս գործում: Տիկնիկային թատրոնը գործում է, բայց այն պետական հովանավորությունը, որ պետք է լինի, ինչպես ասենք Բորժոմիում, Ախալցխայում և մյուս վայրերում, քաղաքներում, որտեղ կան տիկնիկային թատրոններ, այդ աջակցությունը չկա: Այսօր ես ստանում եմ այսպես ասած մի չնչին աշխատավարձ և ունեմ ընդամենը մի աշխատող:

Ձեր խոսքում նշեցիք, որ բազում տիկնիկներ ունեք, ո՞վքեր և ի՞նչ միջոցներով են դրանք պատրաստվում:

– Այո, բոլոր տիկնիկները ես եմ պատրաստում, բոլորը իմ ձեռքի աշխատանքն է, ինձ օգնում են՝ կինս և իմ միակ աշխատակցուհին, հանդերձանք են կարում տիկնիկների համար, ինչպես նաև աջակցում են ձայնագրություններին: Այս տարիների ընթացքում ստեղծած տիկնիկներս արդեն տեղ չլինելու պատճառով փչանում են, դրանք արվեստի գործեր են, մեր տանն եմ պահում, այնքան շատ են, որ ավտոտնակում եմ պահում, տեղ չունենալու պատճառվ, 70 տիկնիկը հո խաղ ու պար չի: Եվ ամեն տարի տիկնիկների թիվը ավելանում է: Հիմա մեր խաղացանկում 10 ներկայացում ունենք՝ «Խելոքն ու հիմարը», «Բախտ որոնողը» ըստ Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի, «Շունն ու կատուն», «Գայլն ու գառը», «Գայլն ու կատուն», «Բարեկենդանը», «Վինիպուխի արկածները», «Պոչատ աղվեսը», ինչպես նաև համերգային և ամանորյա ծրագիր:

Ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի տիկնիկային թատրոնը զարգանա և ավելի լայն գործնեություն ծավալի մեր շրջանում:

– Սրտացավ աշխատանք է պետք: Պետք է մտածեն, որ կորցնելով արվեստը, կկորցնենք ամեն ինչ: Դա համարժեք է դպրոց չունենալուն, եկեղեցի չունենալուն: Մենք հայերս միշտ խոսում ենք, ասում, որ մեզ առաջին հերթին պետք է եկեղեցի, դպրոց և թատրոն: Բայց այն զարգացնելու համար անհրաժեշտ և բավարար պայմաններ են պետք: Եթե չի գործում կշեռքի մի նժարը, մյուսն ինքըստինքան չի գործի, բոլորը իրարից կախված են: Ուրեմն մենք այսօրվա դրությամբ ունենք 33 ակումբ, եթե 33 ակումբը տարին երկու անգամ ինչպես ասում են գրկաբաց ընդունեն առաջ կգնանք: Հանդիսատես միշտ էլ կա ու կլինի: Տոմսի արժեքը չնչին գումար է, ընդամենը 2 լարի: Բացի դրանից բոլոր ծախսերը իմ վրա է, մեքենան պահելը, շրջագայելը գյուղերով, տիկնիկների վերանորոգումը, հանդերձանքների, ներկերի, դեկորացիայի գումարը, այս բոլորն աշխատանքի ու գումարի հետ է կապված:

«Պույ-պույ» տիկնիկային թատրոնը գյուղերով շրջագայությունների ժամանկ ի՞նչ խնդիրների հետ է առնչվում:

– Նախօրոք դիմում եմ գյուղերի մշակույթի տների վարիչներին, և նրանք ամեն անգամ ինձ ասում են՝ արի տեսնենք ինչ կանենք: Ես գնում հասնում եմ ասենք հեռավոր մի գյուղ և տեսնում եմ, որ այնտեղ մարդ չի եկել: Այսինքն աշխատանք չի տարվել գյուղի այդ ակումբի վարիչի կողմից, չի ասվել չնայած ես գովազդող աֆիշա եմ ուղարկել, որ ժողովուրդը իմանա ներկայացման մասին: Բայց աշխատանք չի կատարվել, չի ասվել կամ գնում ես ասում է՝ բեմ չունեմ, վարագույր չունեմ, աթոռ չունեմ, էլեկտրականություն չունի ակումբը:

Ձեր կարծիքով ի՞նչ է պետք մեր քնած հասարակությունն արթնացնելու, ինչ որ կերպ մերձեցնելու մշակույթին:

– Եթե արվեստի մեջ կայծ չկա, որը կարող է քո մեջ բոց առաջացնել, ուրեմն դա արվեստ չէ: Այսօրվա դրությամբ մեր արվեստագետները կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ արվեստակետները զբաղված են ավելի շատ բիզնեսով, քան արվեստով: Շատ կարևոր է այս հանգամանքը փոխել: Երբ դպրոց եմ գնում ծնողներն իրենց ոչ դպրոցահասակ երեխաների ձեռքից բռնած գալիս են, որ երեխան տեսնի, շփվի արվեստի հետ, որ վաղը մյուս օրը մանկությունից ինչ-որ բան տանի դեպի ապագա կյանք: Եթե շրջանի ակումբամշակութային վարիչը ցանկանա շատ քիչ աջակցություն է պետք: Իրենցից կախված այդ փոքրիկ գործը չեն ուզում կատարել, դրա համար ունենք այն, ինչ՝ ունենք: Ասում են ավելի լավ է մեկ մոմ վառես, քան անընդհատ բողոքես խավարից:

Աղունիկ Այվազյան