Թոթխամ գյուղի բնակիչները խմելու ջուր չունեն, որում մեղադրում են հարևան՝ Կորխ գյուղի բնակիչներին:

Ախալքալաքի շրջանի Թոթխամ գյուղի բնակիչներն արդեն մեկ տարուց ավելի է ինչ խմելու ջրի խնդիր ունեն: Խնդիրն ավելի է սրանում ձմռանը, երբ ծորակից հոսող ջուրն այնքան քիչ է, որ խողովակները սառում են: Այս գյուղի բնակչության համարյա կեսը ձմռանը «զրկվում» է խմելու ջրից: Բանն այն է, որ Մաջադիա, Թոթխամ և Կորխ գյուղերը մեկ ընդհանուր խողովակաշարով են ջուր բերել և բոլորին ըստ ընտանիքների քանակի հավասարաչափ բաշխել: Սակայն Թոթխամցիները բողոքում են, որ Կորխ գյուղի բնակիչները ջրի փականը ոլորել են և արդյունքում իրենց գյուղ քիչ ջուր է հոսում:

«Խմելու ջրի խնդիր ունենք 21-րդ դարում: Ջուրը քիչ է, մոտավոր երկու ջրագծերում ջուր չկա, այս սառնամանիքներին 20 տուն մնացել է առանց ջրի: Ինչքան կարելի է ձմռանը ջուր կրել՝ լվացքի ու մնացած ամեն ինչի համար: Կորխի բնակիչները կարգավորիչ փականին ձեռք են տվել և մեր ջուրը քչացել է»,- ասաց Թոթխամ գյուղի բնակիչ Աբգար Քթրյանը:

Խնդրին լուծում տալու համար Թոթխամ գյուղի բնակիչները հավաքական դիմում-բողոք են գրել Սամցխե-Ջավախքի նահանգապետարան: Նահանգապետարանն իր հերթին խնդրի լուծումը վերահասցեագրել է Ախալքալաքի վարչությանը:

«Թոթխամցիները բողոքում են, որ ջուր չունեն խմելու: Մեր բաշխելուց հետո թոթխամցիներն ասում են, որ Կորխի բնակիչները դեպի Թոթխամ գնացող ջուրը քչացրել են: Ջրի կարգավորիչ փականը գտնվում է երկու գյուղերի մեջտեղում: Մենք երկու գյուղերում էլ եղանք և տեսանք, որ երկուսում էլ ջուր չկա, բոլորի ներկայությամբ բացեցինք հորը և տեսանք, որ փականը ձեռք տված չի և բոլորը համոզվեցին: Խնդիրը կայանում է նրանում, որ ընդհանուր խողովակաշարի ջուրը չի բավականացնում երկու գյուղերի բնակիչներին»,- ասաց Ախալքալաքի Շրջանային վարչության ենթակառուցվածքային ծառայության պետ Ալբերտ Նահատակյանը:

Ինչպես լուծել այս խնդիրը տեղական իշխանությունը դեռ չի կարող ասել, քանի որ այս ջրագիծը երեք գյուղի համար կառուցվել էր տարբեր ծրագրերով, որպեսզի լրիվությամբ ապահովեր այդ գյուղերը խմելու ջրով: Սակայն այսօր նորից բնակիչները բողոքելու առիթ ունեն…

Աղունիկ Այվազյան