Վրաստանի կառավարության որոշման համաձայն, 2017 թվականին Վրաստանում պետական հաստատությունները 10 տոկոսի չափով պետք է կրճատեն ադմինիստրատիվ ծախսերը: Ախալքալաքի շրջանային ղեկավարությունը խնդրի լուծման իր տարբերակն է գտել՝ կրճատել է պարգևավճարները:

Որոշ նախարարություններ աշխատակիցների աշխատավարձերն են կրճատել, որոշները աշխատողներին: Իսկ Ախալքալաքի տեղական ինքնակառավարությունը կրճատել է ընդամենը տարեկան 4 անգամ բոլոր աշխատակիցներին հավասարաչափ բաշխվող պարգևավճարները:

Վրաստանի կառավարությունն բյուջեի խնայողության քայլին է գնացել, որպեսզի ամրացնի օրեցօր արժեզրկվող ազգային արժույթի՝ լարիի դիրքերը:

«Մենք աշխատեցինք կրճատել հիմնականում մեր ադմինիստրատիվ ծախսերը, այսինքն՝ բենզին, էլեկտրաէներգիա, ինտերնետ և այլն: Բոլոր հիմնարկ-ձեռնարկությունների աշխատավարձերը, որոնք ֆինանսավորվում են տեղական բյուջեից կմնա նույնը: Կրճատվում է միայն հավելավճարները», – ասաց Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը:

Հարկ է նշել, որ Ախալքալաքի Շրջանային Ժողովի և Վարչության նախագահները դեկտեմբեր ամսին հատկացվող հավելավճարից հրաժարվել են և մոտավոր 4000 լարի նորից վերադարձվել է տեղական բյուջե:

Ախալքալաքի Սակրեբուլոյի 2016թ.-ին աշխատավարձային ֆոնդը կազմել է 512 300 լարի, իսկ 2017թ.-ին նվազել է հասնելով 440 000-ի, տարբերությունը կազմում է 72 300 լարի: Սա Սակրեբուլոյի ընդհանուր աշխատավարձներն են, որոնց մեջ են մտնում պայմանագրային աշխատողների աշխատավարձերն ու պարգևավճարները: 2016թ.-ի հետ համեմատ Սակրեբուլոյի աշխատակիցների պարգևավճարները 146 000-ից իջել է 73 000: Այսինքն, եթե 2016թ.-ին 4 անգամ էին մարդիկ պարգևավճար ստանում, ապա 2017թ.-ին կստանան՝ 2,4 տոկոս:

Ախալքալաքի Վարչության աշխատողների աշխատավարձերը ևս նվազել է: Վարչության աշխատավարձային ֆոնդը 2016թ.-ին եղել է 1 078 400, իսկ 2017թ.-ին նախատեսվում է՝ 1 138 100 լարի: 2016թ.-ի ընթացքում վարչության աշխատակիցները 4 անգամ պարգևավճար են ստացել, որը կազմում է 352 800 լարի, 2017թ.-ին կրճատվել է 202 800 լարիով և ընդհանուրը կազմում է 150 000 լարի, ինչը ենթադրում է, որ պարգևավճար կստանան 1,6 անգամ:

«Մեր ղեկավարությունը բոլոր աշխատակիցներին հավասարաչափ է հավելավճար տալիս, բայց սա ճիշտ չէ: Հասկանում եք, պարգևավճարը նախատեսված չէ, որ դու վերևից ներքև բոլորին բաժանես: Այն տրվում է լավ աշխատողներին խրախուսելու համար, եթե մեկը լավ է աշխատում, ուրեմն նա պետք է ստանա: Պարգևավճարի իմաստը հենց սա է՝ խրախուսել լավագույն աշխատողներին: Մեր մոտ բոլորին տալիս են, որ ոչ-ոք չնեղանա»,- նշեց Ախալքալաքի Շրջանային ժողովի պատգամավոր Շիրվան Շիրինյանը:

Աղունիկ Այվազյան