Շիրակի թեմի Սբ. Յոթ Վերք եկեղեցու «Բարեգործական ջոկատի» երիտասարդների «1 բացիկ = 1 բնակարան» նախաձեռնությանը, ըստ որի 1988 թ.-ի երկրաշարժից տուժած անօթևան ընտանիքները ապահովվում են բնակարանով, միացել են նաև ջավախքցիները:

Դեկտեմբերի 7-ին լրացավ 1988 թվականի աղետալի երկրաշարժի 28-րդ տարելիցը, սակայն մինչև այսօր բազմաթիվ գյումրեցիներ մնում են անօթևան: Դեռևս 2013 թ.-ին ձեռնարկած «1 բացիկ = 1 բնակարան» ծրագիրը շարունակվում է: Ծրագրի նպատակն է ևս մեկ գյումրեցի անօթևան ընտանիքի ապահովել բնակարանով:

Այս տարի նախաձեռնությանը միացել են նաև Ջավախքի բնակիչները: Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի նախաձեռնությամբ 500 բացիկ իրացվում է Ջավախքում: Բացիկ, որն արժի 2 լարի կբացի մեկ անօթևան ընտանիքի նոր տան դուռը: Բոլոր նրանք, ովքեր կցանկական մաս կազմել բարեգործության կարող են դիմել Տեր Տաթև քահանա Մարուքյանին:

Այս տարվա ծրագրի մեկնարկից անցել է շուրջ 2 ամիս: Յուրաքանչյուր կիրակի Ջոկատի կամավորները Գյումրիի Սբ. Աստվածածին Յոթ Վերք եկեղեցու դիմաց իրականացնում են բացիկների բաց վաճառք, որի ժամանակ գնորդներ են դառնում բոլոր անցորդները:

Այս տարի տպագրվել է 11 000 բացիկ, բացիկների ողջ տպաքանակն այս պահի դրությամբ տեղաբաշխված է: Ներկա պահի դրությամբ ծրագիրը 70%-ով իրականացված է:

Կարևոր է նաև ընտանիքի ընտրության հարցը. Ջոկատի անդամները մշտապես մեծ կարևորություն են տվել այս հարցին: Ամեն տարվա նման՝ այս տարի ևս Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպս. Աջապահյանի օրհնությամբ և օգնությամբ ծրագրի վերջնական փուլում իրականացվելու է ընտանիքի ընտրությունը՝ անօթևան ընտանիքներին տնայցեր ու կարիքների գնահատում իրականացնելու միջոցով: Կարևոր է, որպեսզի ընտանիքը 1988 թվականի երկրաշարժից հետո բնակարան ստացած և վաճառած չլինի, չլինի հաշվառված բնակարան ստանալու համար, լինի բազմազավակ, լիարժեք ընտանիք:

Հատկանշական է, որ Ջոկատի երիտասարդների նպատակն է միջնորդ դառնալ՝ օգնել ցանկացողների և օգնության կարիք ունեցողների միջև: Ջոկատը պարբերաբար իրականացնում է քաղաքում բնակվող մի շարք ընտանիքների կարիքների գնահատում, որից դուրս գալով էլ հնարավոր է դառնում լուծում տալ այս կամ այն ընտանիքի առաջնային խնդիրներին:

Աղունիկ Այվազյան