Ախալքալաքի շուկայում մթերքների գները արդեն խիստ տարբերվում են մինչ այդ գոյություն ունեցող գներից։ Մարդիկ շտապում են ամանորյա առևտուրն անել, որպեսզի էլ ավելի թանկացած գներով մթերք չգնեն:

Այս պրոցեսը վաղուց արդեն ընթանում է տարբեր տեղերում, բայց ի տարբերություն մեծ քաղաքների, Ախալքալաքում գնաճի վերահսկում չի իրականացվում:

Ամանորին ընդառաջ սննդամթերքի շուկան դառնում է խիստ ռիսկային, քանի որ առաջացած համընդհանուր քաոսի մեջ կարծես քչերն են ուշադրություն դարձնում, թե ինչ են առնում ու որտեղից:

«Առևտուրը դեռ չենք սկսել, բայց արդեն գները թանկացել են, ամեն տարի էլ նույն վիճակն է, կաշվից դուրս գալով ենք առևտուր անում», – ասաց Ախալքալաքի բնակիչ Գոհար Ղազարյանը:

«Ամեն տարի նույն բանն է, այնքան են թանկացնում, որ Ամանորից հետո նորմալ արժեքը էժան է թվում», – ասաց Անահիտ Մելքոնյանը:

Ամանորի նախօրեին տարբեր ապրանքների գների բարձրացումը պայմանավորված է ինչպես սեզոնային գործոններով, այնպես էլ պահանջարկի կտրուկ ավելացմամբ։ Արժույթի շուկայի անկայունությունը նույնպես թանկացումների պատճառ կարող է հանդիսանալ, բայց այդ ամենից օգտվելով առևտրականները փորձում են գնաճի միջոցով կրկնապատկել իրենց եկամուտը։

Այսօրվա դրությամբ շուկայական ապրանքների գնարժեքը դեռևս չի հասել թանկացման գագաթնակետին, սակայն երբ ծանոթանում ես գնարժեքին ու հասկանում, որ ամենավատորակ մանդարինի 4 կիլոգրամը արժե 3 լարի, դրանից հետո անգամ չես համարձակվում իմանալ լավագույն ապրանքների գները։

Առհասարակ ամանորյա առևտրի կարևորագուն բաղադրիչներն են՝ մսեղենը, մրգեղենը, բանջարեղենը, կաթնեղենը և ջրեղենը։ Թանկացումը վերաբերում է բոլոր տեսակի ապրանքներին անխտիր։

Մսի շուկայում, ինչպես ասում են առևտրականները, մեկ կիլոգրամ միսը տասը լարիով «կբարիշեն», իսկ կաթի երեք լիտրը արժի հինգ լարի, որը, ինչպես ասում են հաճախորդները, դեռ աճելու տեղ ունի։

Տեղական և ոչ տեղական մրգերի գները միմյանց չեն զիջում, և ստեղծված իրավիճակում մարդ չի կարող հասկանալ տեղականն է այնքան թանկ, որ հավասարվել է արևադարձային մրգերի գներին, թե ներկրվող մրգերը Ձմեռ պապն է բերում և այնքան էժան է ներկրում, որ վաճառքի գինը հավասար է տեղական ապրանքների գնին։ Շուկայական գների նմանությունը և տարբերությունը անտրամաբանական խնդիր է, որը չունի լուծում՝ տեղական խնձորի մեկ կիլոգրամը 4 լարի է, իսկ բանանը՝ 3 լարի։

Ջուլիետա Տոնականյան