Այսօր Ախալքալաքում առատ ձյուն և բուք էր: Նրանց, ովքեր պատրաստվում են մեկնել Ախալքալաքից կամ գալ այստեղ տեղեկացնում ենք ճանապարհային մայրուղիների վիճակի մասին:

Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը հաղորդում է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մի մասը փակ է ձնահոսքի վտանգի պատճառով: Երթևեկությունն արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վատ եղանակային պայմանների՝ ուժեղ ձյան, հողմի և սահմանափակ տեսանելիության պատճառով սահմանափակ է երթևեկությունը Ախալքալաք-Կարծախ (թուրքական սահման) ճանապարհի վրա: Հիմնական դժվարությունները առաջանում են 1-36 կմ ճանապարհահատվածում: Այդ ճանապարհով երթևեկությունը սահմանափակվում է կցասայլակով տրանսպորտների համար, կիսակցորդով և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ տեսակների տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է:

Ախալքալաք-Նինոծմինդա-Բավրա ճանապարհի վրա (հայկական սահման) ձյան և քամու պատճառով սահմանափակ է տեսանելիությունը: Ճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Փակ այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Նինոծմինդայից Ծալկայով Թբիլիսի տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ձյունով է ծածկված Փարվանայից Այազմա տանող ճանապարհահատվածը: