Ձմռան ամիսներին բնակարանների ջեռուցման խնդիրը Ջավախքում առաջնայիններից եղել է ու շարունակում է դիրքերը չզիջել այլ խնդիրների։ Մարդիկ նախընտրում են գազով ջեռուցում, սակայն շատերը չեն կարող դա թույլ տալ իրենց:

«Գազը համեմատաբար ձեռնտու է, կարող ես խնայելով օգտագործել, վառարանի հետ աշխատանք չի պահանջվում, առավել մաքուր է։ Ամենացուրտ ամիսներին գազը 300-400 լարիի սահմաններում ենք օգտագործում, ու վատ չէ», – ասաց Ախալքալաքի բնակիչ Ասյան։

Բնակարանների գազով ջեռուցելը ցանկալի է բոլորի համար, եթե իհարկե ունեն դրա հնարավորությունը։ Այսօրվա դրությամբ գազով ջեռուցելը խնդիր է ոչ միայն չգազիֆիկացված գյուղերում, այլ նաև Ախալքալաքում, որտեղ նույնպես քիչ չէ վառելափայտից օգտվող բնակիչների քանակը։

Ինչպես պարզվեց, Ախալքալաքում անցկացրած հարցման արդյունքներից բնակիչների մեծամասնությունը բնակարանները ջեռուցում է գազով, սակայն 30 հարցվողներից 3-ն օգտվում է փայտից և հնարավորության դեպքում, ինչու ոչ՝ կօգտվեն գազաջեռուցումից։

«Փայտով ենք տաքացնում բնակարանը, և ձմեռն անցկացնելու համար 900 լարու փայտ ենք գնել։ Ինչ էլ վառես պիտի նորմալ տաքություն ապահովես, սենյակային ջերմաստիճանը 24 պիտի լինի, փայտի կամ գազի օգտագործման խնայողությունը չեմ ընդունում։ Իհարկե գազը առավել նպատակահարմար է, եթե բնակարանը ապահովված լինի ջեռուցման բաքսի համակարգով», – ասաց քաղաքի բնակիչ Սամվելը։

Հաշվի առնելով այն փաստը, որ բնակարանը բաքսի համակարգով ապահովելու համար հարկավոր է 3000-4000 լարի, նման հնարավորություն չունեցող անձիք նախընտրում են տաքանալ վառելափայտով։

Որպեսզի որոշ պատկերացում կազմենք ընդհանուր շրջանում փայտ օգտագործող բնակիչների քանակի մասին, նշենք, որ Ախալքալաքի շրջանում գազաֆիկացված են 42 գյուղ, իսկ մնացած 23 գյուղերում, չունենալով ընտրության հնարավորություն փայտով են ջեռուցում բնակարանները։ Սակայն, ինչպես արդեն նշել ենք, բնական գազ ունեցողներից ոչ բոլորը ջեռուցում են գազով:

Փայտի սպառման շուկայում նույնպես գոյություն ունի երկկողմանի խնդիր՝ նվազել է փայտ վաճառողների քանակը, ինչին զուգահեռ էլ դժվարացել է փայտ ձեռքբերելը։

Այս տարի քանզի ձմեռը անսպասելի և միանգամից խիստ ներխուժեց բնակիչների կենցաղ, շատերն առնչվեցին փայտ ձեռք բերելու խնդրին, ինչպես Կուլիկամ գյուղի բնակիչը, ով բոլորովին վերջերս է կարողացել փայտ գտնել։ Համեմատած անցած տարիների, այս վերջին տարիներն փայտ գնելը ավելի է դժվարացել, և որպես օրինակ կարող ենք հիշել շրջանը մինչև գազաֆիկացված տարիները, երբ փայտի շուկայում փայտավաճառների տեղ չկար, և այսօր, երբ ընդամենը 2 փայտավաճառի կարող ենք հանդիպել։

Այսօր փայտ բերելու համար համապատասխան թույլտվություն քչերին է տրվում։ Սակայն մեր զրուցակիցը, ով չցանկացավ ներկայանալ, երկար տարիներ է ինչ զբաղված է փայտի վաճառքով և մեզ բացատրեց, որ չնայած մեկ մեքենա փայտի վաճառքից 600 լարի եկամուտ է ստանում, սակայն նշեց նաև, որ այսօր շատ քչերն են փայտ օգտագործում՝ հիմնականում գյուղերի բնակիչները։

Փայտավաճառը մեկ մեքենա փայտը ձեռք է բերում մոտավորապես 2000 լարիի, իսկ բնակիչները տվյալ բեռնատարի 1 շարք փայտը փայտավաճառից վերցնում են 400-420 լարի, իսկ ընդհանուր 3 շարք փայտ են վերցնում ձմեռը անցկացնելու համար։ Արդյունքում ստացվում է, որ փայտի և գազի օգտագործումը գումարային տեսանկյունից նույնն է, միայն աշխատատարության բացակայությունից ելնելով է գազը, որպես ջեռուցման միջոց նախընտրելի բնակիչների կողմից։

Ջուլիետա Տոնականյան