Չնայած նրան, որ Կիրովական գյուղի սպորտդահլիճի տանիքը կաթում է, միևնույն է երեխաները շարունակում են մարզվել և հաջողությունների հասնել:

Օրերս Ախալքալաքի շրջանի Կիրովական գյուղի մարզադպրոցը համալրվեց նոր մարզագույքով, որը նվիրել էր Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարությունը Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության և Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի նախաձեռնությամբ:

5 տարի առաջ վերանորոգված գյուղի մարզադպրոցը մարզական գույք չուներ, սակայն դպրոցահասակ երեխաները մինիմալ պայմաններում կարողացել են կարևոր մրցաշարերից մեդալներով վերադառնալ:

marzadahliji shenq

Վարազդատ Հակոբյանը Կիրովական գյուղի պարծանքն է: 8-ամյա մարզիկը Վրաստանում և նրա սահմաններից դուրս անցկացված մրցաշարերից մշտապես հաղթանակով է վերադառնում: Նա ուրախ է, որ վերջապես իր գյուղի մարզադահլիճը տարբեր մարզական սարքավորումներ ունեցավ:

«Ես շատ ուրախ եմ, սրանից հետո ստիպված չեմ լինի քաղաք գնալ պարապելու մրցումներից առաջ», – ասաց փոքրիկ Վարազդատը:

Կանոնավոր կերպով մարզադահլիճ է հաճախում շուրջ 20 դպրոցահասակ երեխա, սակայն այս թիվը կտրուկ աճում է ձմռան ամիսներին, երբ երիտասարդները վերադառնում են խոպանից (արտագնա աշխատանք):

Ընդամենը 5 տարի առաջ է վերանորոգվել Կիրովական գյուղի մարզադահլիճը, սակայն խոնավությունից պատերը բորբոսնել են, իսկ տանիքը կաթում է: Գյուղացիների խոսքերով տանիքի հետ կապված խնդիրը վերացնելու համար մոտավոր 2-3 000 լարի է հարկավոր:

marzadahlij

«Տանիքի այդ հատվածը կաթում է, որովհետև վերջին ձնաբքերի ժամանակ ձյունը լցվեց, իսկ հիմա տաքացավ և ջերմության արդյունքում սկսեց կաթելը, մինչև հիմա նման բան չկար, վերջին անգամ անցած տարի էր վերանորոգվել, այսինքն պատերը ներկել, և մանր-մունր այլ աշխատնքներ: Իմ հաշվարկով մոտավոր 2-3000 լարին կբավականացնի խնդիրը վերացնելու համար», – ասաց Կիրովական գյուղի բնակիչ Երվանդ Պետրոսյանը:

katocy

Ճիշտ է, մարզագույք ունենալու դեպքում երիտասարդների սպորտով զբաղվելու ցանկությունը մեծանում է, բայց պակաս կարևոր չէ նաև ջեռուցման խնդիրը: Մարզադահլիճը տաքացնում են վառարանով, որի փայտի համար մարզիկներն իրենք են գումար հավաքում:

Նշենք, որ այս դահլիճում ոչ միայն մարզիկներն են պարապունքներ անցկացնում, այլ նաև գյուղի պարի խումբը: Եվ շատ անգամ երեխաները վերարկուներով են պարում: Պարում են հույսով, որ մի օր այլ է լինելու…

vararan

Աղունիկ Այվազյան