Ձմռան ամիսներին Ախալքալաքի շրջանի շատ գյուղերի ճանապարհներն անանցանելի և դժվարանցանելի են դառնում, և ձմեռն իր ամբողջ գեղեցկությամբ դառնում է բնակիչների մղձավանջը։

Ջավախքյան ձմեռը շատ խիստ և անկանխատեսելի է, ինչից ելնելով բոլոր վարորդներին ու ուղևորներին կոչ անելով տեղեկացնում ենք, որ եթե Ախալքալաքի կամ շրջանի գյուղերում երթևեկելիս հանդիպում եք փակ ճանապարհների կամ ինքներդ եք մնում ճանապարհին, ապա կարող եք զանգահարել թեժ գիծ՝ 122 և ճանապարհամաքրման աշխատանքների պատասխանատու ընկերություն՝ +995599123812 հեռախոսահամարով, և անձամբ տեղեկացնել այդ մասին։

Ախալքալաքի շրջանի գյուղեր տանող ճանապարհների մաքրման աշխատանքները իրականացնում է ՍՊԸ «ՎԵՄ»-ը, որը շահել է այդ աշխատանքների համար հայտարարված տենդերը։ Ընկերության ներկայացուցիչների տեղեկացմամբ, այսօրվա դրությամբ դժվարանցանելի են Խանդո, Բեժանո Տուրցխ, Բուռնաշեթ և Օլավերդ գյուղերի ճանապարհները և հենց այդ ուղղություններով էլ կատարվում է ձյան մաքրման աշխատանքները։ Չնայած որ, ընկերությունում տեղեկացրին, որ Ալաստան գյուղի ուղղությամբ ճանապարհամաքրման աշխատանքները երեկ են կատարվել, այնուամենայնիվ այսօր տվյալ ճանապարհը բավականին դժվարանցանելի էր, ինչի պատճառով մեր նկարահանող խումբը կես ճանապարհից հետ վերադարձավ։

«Երեկ աշխատել ենք Ալաստան, Հոկամ և Դադեշ գյուղերի ուղղությամբ», – տեղեկացրեց տենդերը շահող ընկերության ներկայացուցիչ Վարդ Մոսոյանը:

Ձյան մաքրման աշխատանքների կատարման համար ՍՊԸ «ՎԵՄ»-ը ունի 10 միավոր տեխնիկա, սակայն կազմակերպությունը նաև պայմանագիր է կնքել գյուղերի այն բնակիչների հետ, ովքեր ունեն համապատասխան տեխնիկա և կարող են կատարել ճանապարհամաքրման աշխատանքներ։

«Հեռու գյուղերում մենք պայմանագիր ունենք տեխնիկա ունեցող անձանց հետ, ովքեր մեր զանգից հետո սկսում են ճանապարհի մաքրման աշխատանքները։ Հիմնականում ճանապարհները փակ չեն լինում, այսինքն մեկ կամ երկու ժամվա ընթացքում մաքրում ենք տեղեկանալուց հետո։ Շատ անգամ ես ինքս եմ իմ մեքենայով անցնում հաճախ փակվող ճանապարհներով ու ինքս ստուգում թե, որ ճանապարհահատվածն է փակ, որովհետև անցած տարի եղել էր դեպք, որ շտապ օգնության մեքենան մնացել էր ճանապարհին ու ես պատահական տեսա, ոչ ոք տեղյակ չէր պահել այդ մասին», – ասաց Վարդ Մոսոյանը։

Ջուլիետա Տոնականյան