Ախալքալաքի մանկապարտեզների նոր աշխատատեղերում աշխատանքի ընդունվելու համար միայն մասնագիտական կրթության դիպլոմը բավարար չէ:
Երբ հայտնի դարձավ, որ Ախալքալաքի մանկապարտեզներում կբացվեն նոր խմբեր, քաղաքի կին բնակչության գործազուրկ մասը ակտիվացավ: Շրջանային վարչությունը գրեթե ամեն օր ստանում է մի քանի աշխատանքի ընդունման դիմումներ: jnews.ge -ն նոյեմբերի սկզբին գրել էր առաջնահերթությունների մասին, որոնց համաձայն Շրջանային վարչությունը պետք է ընտրեր դաստիարակներին և դայակներին մանկապարտեզների նոր խմբերում աշխատելու համար:

Շրջանային ժողովը հաստատել է բյուջեի փոփոխությունները, համաձայն որոնց նոր խմբերի համար սկզբնական շրջանում սենյակներ կկահավորվեն: Սկզբից Շրջանային վարչությունը պլանավորում էր բացել խմբերը այս տարի, սակայն, ամենայն հավանականությամբ, չեն հասցնի: Այն հարցին, թե երբ կանցկացնեն աշխատատեղերի մրցույթը, ոչ Շրջանային վարչությունում ոչ էլ Մանկապարտեզների միավորման տնօրենը չկարողացան տալ կոնկրետ պատասխան:

Սակայն, առաջնահերթությունները, համաձայն որոնց նրանք մտադիր էին իրականացնել ընտրությունը, փոխվել են: Սկզբում մեզ ասացին, որ նախապատվությունը տրվելու են նախադպրոցական կրթությամբ դիպլոմավորված մասնագետների, բայց Շրջանային վարչությունը շատ քիչ համապատասխան մասնագետների դիմում է ստացել, ուստի մրցույթային հանձնաժողովը պատրաստվում է ընտրել աշխատակիցներին այլ չափանիշների հիման վրա:

Ախալքալաքի Շրջանային վարչության նախագահ, ինչպես նաև մրցութային հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղասարյանը կարծում է, որ նրանք պետք է որոշեն այլ չափանիշներ:

«Չափանիշները կարող են լինել կրթությունը, աշխատանքային փորձը, փորձառությունը: Դիմորդներից նույնիսկ 15 մարդ չունեն համապատասխան կրթություն: Դուրս է գալիս, մենք չպետք է ուրիշներին ընդունենք: Պարզապես անհրաժեշտ է սահմանել չափանիշներ և ընդունել: Առնվազն, նրանք գոնե պետք է կարողանան շփվել երեխաների հետ», – ասում է Էդուարդ Աղասարյանը:

Ըստ Ախալքալաքի Շրջանային վարչության մշակույթի, սպորտի, կրթության, զբոսաշրջության և երիտասարդության հարցերով ծառայությունների ղեկավար Վալերի Ստելմաշովի, նրանք դեռ պատրաստվում են հայտարարել կահույքի գնման տենդեր-մրցույթ, որից հետո միայն անցկացնել աշխատակիցների ընտրությունը:

«Դիմումները շատ են, մենք նույնիսկ կորցրել ենք հաշիվը, քանի որ շրջանի երիտասարդները ցանկանում են աշխատել, և շատ դժվար է դրական պատասխանել բոլոր դիմումներին: Առավելագույնս պետք է լինենք օբյեկտիվ: Շրջանի ղեկավարությունը կարող է միայն խորհուրդ տալ, սակայն վերջնական որոշումը Մանկապարտեզների միավորման տնօրենինն է», – ասում է Վալերի Ստելմաշովը:

Մինչդեռ, քաղաքում բոլորը անհամբերությամբ սպասում են մրցույթին, թե ո՞ւմ, ինչպե՞ս և ի՞նչ չափանիշներով կընտրեն մանկապարտեզների նոր խմբերի դաստիարակներին և դայակներին:

Այն մասին, թե ինչպես պետք է տեղեկացնեն դիմողներին մրցույթի անցկացման մասին, նույնպես չկա կոնկրետ պատասխան: Ըստ Ախալքալաքի շրջանի Մանկապարտեզների միավորման տնօրեն Զարուհի Բարբարյանի, կտրվի հայտարարություն հարցազրույցի օրվա վերաբերյալ, կամ էլ հնարավոր է տեղեկացնեն, դիմումների մեջ գրված հեռախոսային համարներով:

Հարյուրավոր դիմումներ և մոտ 15 նոր աշխատատեղ այնպիսի պայմաններում, երբ աշխատանքը այդքան ցանկալի է: Ինչպես կընթանա մանկապարտեզների նոր խմբերի համար դաստիարակների և դայակների ընտրության գործընթացը կհետևենք ընթացքում:

Շուշան Շիրինյան