Ախալքալաքի ինքնակառավարման մարմինները նոր նախագիծ են մշակում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների բարձրագույն կրթության աջակցության նպատակով:

2017 թվականին Ախալքալաքում կիրականացվի նոր ծրագիր, որը նախատեսված է բացառապես սոցիալապես անապահով ընտանիքների համար: Այս մասին քննարկում տեղի ունեցավ Ախալքալաքի Շրջանային ժողովում նոյեմբերի 24-ին: Նոր ծրագրի նախաձեռնությամբ հանդես եկավ շրջանի Վարչությունը:

Ըստ նախնական տվյալների, 2017 թվականի բյուջեում նախատեսվում է Վարչության սոցիալական ծառայությանը հատկացնել առանձին գումար՝ 90 000 լարի հատուկ սոցիալապես անապահով ընտանիքներին լրացուցիչ օգնություն տրամադրելու նպատակով: Նախնական տվյալներով ծրագրում կներառվեն սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքները, ծնողազուրկ երեխաները:

Թե Վրաստանի, թե Հայաստանի բուհերում բարձրագույն կրթություն ստացող կարիքավոր ընտանիքների երեխաներին փոխհատուցում կտրամադրվի տեղական բյուջեից ուսման վճարի և կեցության ծախսերի դիմաց: Դեռ հստակ չէ կոնկրետ ինչ չափանիշներ կընտրվեն օգնությունը հատկացնելու համար և կոնկրետ սոցիալապես անապահով ընտանիքները ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն: Այդ ամենը կմշակվի առաջիկայում:

Աղունիկ Այվազյան