SJGC գազամատակարարող ընկերությունը այսուհետ գումար կվճարի Ախալքալաքի շրջանին բաժանորդների գազիֆիկացման նպատակով տարածաշրջանի տարածքների օգտագործման համար:

Ախալքալաքի Շրջանային ժողովը (Սակրեբուլո) նոյեմբերի 21-ին հաստատել է գազաբաշխիչ ընկերության կողմից շրջանի հողերի օգտագործման 2 սակագին: Գետնի տակ 1 գծամետր գազատարի համար ընկերությունից կգանձվի 0,025 լարի մեկ տարվա համար, իսկ գետնի վրա 1 գծային մետր խողովակաշարի համար կգանձվի 0,01 լարի մեկ տարվա համար:

Բնական գազի անցկացումը Ախալքալաքում իրականացվում է 2008 թվականից սկսած, սակայն մինչ հիմա տարածքների օգտագործման գումար չի գանձվել, քանի որ մինչ այդ տարածքները պատկանում էր պետությանը: Այժմ ընթանում է հողերը շրջանին փոխանցելու պրոցեսը: Այսօրվա դրությամբ, քաղաքապետարանին է անցել 25 կմ հող, մոտ ժամանակներս պատրաստվում են փոխանցել ևս 25 կմ հող, իսկ մի քանի տարվա ընթացքում շրջանի հաշվին կփոխանցվեն շրջանի տարածքում գտնվող ամբողջ հողերը:

Ըստ Ախալքալաքի Շրջանային վարչության էկոնոմիկայի բաժնի մասնագետ Վահան Բաթոյանի, հողերի օգտագործման սակագների որոշման այս նախաձեռնությունը օգուտ կբերի երկու կողմերին էլ:

«Սրա շնորհիվ կլրացվի տեղական բյուջեն, իսկ ընկերությունն արդեն օրինական հիմքերով կօգտագործի այդ տարածքները», – ասում է Վահան Բաթոյանը:

Այն հարցին, թե ինչ չափանիշներով են ընտրում սակագները, Ախալքալաքի Շրջանային վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը պատասխանեց.

«Մենք որոշել ենք մոտավոր գները, դրանք մեր պատկերացմամբ մեծ չեն, և ուղարկել ենք Շրջանային ժողով քննարկման», – ասում է Էդուարդ Աղասարյանը:

Ըստ Վահան Բաթոյանի նրանք սահմանել են խորհրդանշական սակագին, որպեսզի դա չազդի սպառողների համար բնական գազի սակագնին:

SJGC ընկերությունում տարածքների օգտագործման համար գումարների գանձման մասին տեղյակ չեն: Գազաբաշխիչ ընկերության գործադիր տնօրեն Ռազմիկ Ղումաշյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղեկություն չունի այդ մասին: Դեռևս սահմանված են ընդամենը սակագները, ընկերության հետ պայմանագիրը ստորագրված չէ:

Շուշան Շիրինյան