Ջավախքում խոպանչիների վերադարձի ժամանակն է: Ժամանակավոր վերականգնվում է ընտանիքի գաղափարը: Ամեն տարի ընտանիքը նորից անցնում է կայացման փուլով, չէ որ բոլորն էլ փոքր ինչ փոխվել են բացակայության երկար ու ձիգ 7-10 ամիսների ընթացքում:

Երեխաների ուրախ ու կարոտի ժպիտներ, որդուն սպասող, արտասուքով լցված մոր աչքեր, կանանց թաքուն հայացքներ, – տղամարդիկ վերադառնում են խոպանից:

Առավոտյան սուրճի սեղանի շուրջ են հավաքվել Գայանե տատի հարևանները: Երկու օր առաջ է Գայանե տատի որդին Ռուսաստանից վերադարձել: Կանայք աշխույժ քննարկում են՝ թե ում ամուսինը խոպանից (արտագնա աշխատանքից) ինչքան հագուստ, կոնֆետ և իհարկե փող է բերել: Գյուղի կանայք այսպես են նշում խոպանչիների վերադարձը:

Մինչ հարևաններն ակտիվ քննարկում են թե ինչքան գումար է հարկավոր, ինչպես իրենք են ասում՝ ձմեռը գարուն հանելու համար, Գայանե տատի երկու թոռները դռան արանքից հետևում են հորը: Չնայած նրան, որ Արմենը (Գայանե տատի որդին) արդեն 2 օր է տանն է, միևնույն է երեխաները դեռ վախով են քնում-արթնանում, որ հանկարծ հայրը նորից չգնա:

5-ամյա Գոռը կրնկակոխ հետևում է հոր յուրաքանչյուր քայլին: Մեր հարցին, թե հայրը խոպանից որդուն ինչ է բերել, Գոռը պատասխանեց՝ «Ես պապաիս քով տի մնամ: Պապաս ինձի գլխարկ ու շալվար է փերել, լիքը կանֆետ ու սամայլոտ»:

Տղամարդու բացակայությունն ընտանիքում բոլորն են դժվար տանում, սակայն առավել ցայտուն այն դրսևորվում է երեխաների մոտ, նրանք չեն կարողանում կառավարել իրենց զգացմունքները:

Արմենի կնոջ խոսքերով, ամուսնու գնալուց հետո որդու ջերմությունը բարձրանում է, նույնիսկ երազի մեջ խոսում է հոր հետ:
«Համարյա ամեն տարի տաքություն կունենա, չնայած հիմի լավ է ինտերնետ կա, գոնե նկարով տեսնում են: Գոռս չի սիրում սկայպով խոսել, բայց հենց լսում է հոր ձայնը, համակարգչի դեմից այն կողմ չի գնում», – պատմում է Գոռի մայրը:

Խոպանը հոգեբանական լուրջ ազդեցություն է թողնում հատկապես երեխաների մոտ:

«Խոպանը բացասական է ազդում երեխաների վրա, հատկապես տղա երեխաների: Ինչպես գիտենք, փոքր երեխաները իրենց վարքը առաջին հերթին ընդօրինակում են ծնողներից (տղաները հորից), հոգեբանորեն նույնականանում են նրա հետ: Իսկ, քանի որ հայրը բացակայում է մոտ 8-9 ամսով, ապա այդ նույնականացման և ընդօրինակման գործընթացը ճիշտ ձևով չի ընթանում»,- բացատրեց հոգեբան Զարուհի Զադոյանը:

Արմենը չի դժգոհում արտագնա աշխատանքից: Ճիշտ է 7 ամիս ընտանիքից հեռու է եղել, բայց արդյունքում կարողացել է գումար վաստակել: Վաստակած գումարով նրանց ընտանիքը կկարողանա նորմալ Նոր տարի նշել և տան համար նոր սեղան գնել:

«Ինչ անենք ուրիշ հնար չունենք: Գյուղում մնանք ալյուրի, փայտի փող չենք ունենա: Առաջ ավելի դժվար էր, հիմի սկայպով որ պահին հարմար լինի զանգում խոսում եմ երեխաներիս հետ: Գոնե հեռվից ինչ-որ չափով հետևում եմ, թե ինչպես են երեխաներս մեծանում»,- ասաց Արմենը:

Արտագնա աշխատանքը ունի իր դրական ու բացասական կողմերը: Կշեռքի նժարին է դրված՝ նյութական ապահովվածությունը և միասնական ընտանիքը: Հոգեբանի կարծիքով, Ջավախքում ընտանիք գաղափարը վերամիավորվում է ձմռան ամիսներին: Եվ հազիվ երջանկությունը գտած ընտանիքին գարնանը կրկին սպասվում է իրարից բաժանումը, այլ ելք չկա…

«Արտագնա աշխատանքը, թերևս բացի նյութականից, ոչ մի դրական կողմ չունի: Այն բացասաբար է անդրադառնում ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի վրա (այդ թվում նաև տղամարդու, ով մեկնում է արտագնա աշխատանքի): Ընտանիքը, որպես այդպիսին, դադարում է լիարժեք լինել: Ավելանում են կնոջ պարտականությունները և պատասխանատվությունը: Դիտվում է որոշակի օտարացում կին-ամուսին հարաբերություններում»,- ասաց Զարուհի Զադոյանը:

Ջավախքում միակ տոնը դա Ամանորն է, որ ընտանիքի բոլոր անդամները հավաքվում են նույն հարկի տակ և դիմավորում այն, ակնկալիքով, որ գալիք տարին անցած տարվանից ուրախ և միավորված է լինելու:

Շարունակելի…

Աղունիկ Այվազյան