Գումբուրդո գյուղի նոր դպրոցի շինարարական աշխատանքների կեսից ավելին ավարտված են: 20 տարուց ավելի անհամապատասխան պայմաններում ուսուցանելուց հետո, դպրոցը կունենա տիպային, հարմարավետ շենք:

Բարերարների միջոցով կառուցվող Գումբուրդոյի դպրոցի նոր շենքն աշակերտների առաջ իր դռները կբացի 2017-2018 թթ. ուսումնական տարում:

Շինարարներն աշխատում են ամեն ինչ անթերի անել: Դպրոցի շենքի պատերը ամբողջովին կառուցվել են:

«Արդեն սվաղն ենք անում, առաջին հարկը վերջացրել ենք, երկրորդին ենք անցել: Միաժամանակ ջեռուցման համակարգն ենք անցկացնում: Գլխավորը մինչև ցրտերն ընկնելը կտուրը վերջացնենք, մոտ երկու շաբաթ կպահանջվի դրա համար: Մաքսիմում աշխատում ենք, այսօր իմ հավատն էլ չի գալիս, որ այսքան գործ արել ենք, ճանապարհների ջարդրդված վիճակը թույլ չի տալիս առանց խնդիրների տեխնիկա աշխատեցնել», – ասաց դպրոցի շինարարական աշխատանքների պատասխանատու՝ ինժեներ-շինարար Միսակ Կուրղինյանը:

Ըստ գլխավոր շինարարի, այսօրվա դրությամբ Գումբուրդո գյուղի նոր դպրոցի շինարարական աշխատանքների 70 տոկոսից ավելին իրականացված է: Շինարարական աշխատանքներում ներգրավված են թե տեղաբնակները, և թե դրսից հրավիրված մասնագետները: Տիպային այս դպրոցը նախատեսված է 392 աշակերտի համար, յուրաքանչյուր դասարան 50 քառակուսի մետր տարածք է զբաղեցնում, իսկ ամեն մի դասարանում պետք է լինի 24 աշակերտից ոչ ավելին: Գումբուրդոյի դպրոցը Ջավախքում եզակի կլինի իր բոլոր հարմարություններով հանդերձ: Դպրոցի դիմաց կառուցվում է միջազգային չափանիշներին համապատասխան լողավազան և ֆուտբոլի դաշտ:

Հիշեցնենք, որ Գումբուրդո գյուղը 20 տարուց ավելի է դպրոց չունի: Երեխաները դասերն անցկացնում են գյուղի նախկին ակումբի շենքում: Ծնունդով ջավախքցի 5 բարերարներ միացել են և որոշել Գումբուրդո գյուղի համար նոր դպրոց կառուցել: Դպրոցը զբաղեցնում է 1700 քառակուսի մետր տարածք: Իսկ շենքի սեսմակայունությունը 10 բալ է լինելու:

dproc

dproc2

dproc3

dproc7

dproc5

dproc1

dproc6

dproc4

Աղունիկ Այվազյան