«Microsoft»-ը Վրաստանի 32 դպրոցներում Wi-Fi ծառայություն կապահովի:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է «Microsoft» ընկերության կենտրոնական և արևելյան եվրոպայի գրասենյակի գլխավոր տնօրեն Մայքլ Կոգելերին: Վարչապետի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են համագործակցության վերաբերյալ հարցեր և խոսել Վրաստանի կրթության և գիտության նախարարության և «Microsoft»-ի միջև ստորագրված հուշագրի կարևորության մասին:
Վերոնշյալ հուշագրի համաձայն՝ «Microsoft»-ը 2016-2017 ուսումնական տարվա ընթացքում, Վրաստանի 32 դպրոցներում Wi-Fi ծառայություն կապահովի:

Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև դպրոցներում «Microsoft»-ի կրթական ռեսուրսների օգտագործան հնարավորությունների, էլեկտրոնային ուսուցման և տեղեկատվության փոխանակման միասնական տարածություն ստեղծելու վերաբերյալ հարցերին:

Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել «Microsoft»-ին` կրթության և նորարարությունների ոլորտում աջակցության համար և հարաբերությունների խորացման հույս հայտնել:

Կառավարության շենքում տեղի ունեցած հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին և Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավան:

Նյութը արտատպված է aliq.ge լրատվականից: