Ախալքալաքից 18-ամյա դուդուկահար Տիգրան Մղդեսյանն անցել է «Ռուսթավի 2»-ի “Նիճիերի” (տաղանդ) տաղանդավորների շոու-մրցույթի առաջին փուլը: Նա պատրաստում է անակնկալ հանդիսատեսի և ժյուրիի համար եզրափակիչ փուլում:

Թբիլիսիի ֆիլհարմոնիայի համերգասրահում հոկտեմբերի 28-ին կայացավ “Նիճիերի” հեռուստաշոուի առաջին փուլը, կազմակերպված «Ռուսթավի 2» հեռուստաալիքի կողմից: Տիգրան Մղդեսյանը հանդես եկավ Կոմիտասի «Սարերի հովին մեռնեմ» ստեղծագործության դուդուկով կատարումով:

Ըստ երիտասարդ տաղանդի նա նվագել է համերգների ժամանակ, սակայն այսպիսի մասշտաբի մրցույթների չի մասնակցել:

«Ինձ համար մեծագույն հաճույք էր: Ես չունեմ անհանգստանալու սովորություն, բայց բեմ դուրս գալուց առաջ, շատ էի լարված: Սակայն, երբ ես հայտնվեցի բեմում, ամեն ինչ անցավ: Նույնիսկ ավելի լավ էր, քան ես ակնկալում էի», – ասում է Տիգրան Մղդեսյանը:

Տիգրանը արդեն երեք տարի է դուդուկ է նվագում: Նա սկզբից սովորել է մասնավոր դասատուի մոտ, ապա ընդունվել Կարա-Մուրզայի անվան երաժշտական քոլեջ Գյումրիում (Հայաստան), սակայն չի ավարտել: Տիգրանը նվագում է նաև կլարնետ, սաքսոֆոն և զուռնա, բայց կարծում է, որ իր երաժշտական գործիքը դուդուկն է:

«Դուդուկը իմ գործիքն է, ես առանց դուդուկի իմ կյանքը չեմ պատկերացնում: Այն բանից հետո, երբ տեսա դուդուկը, սիրահարվեցի այդ գործիքին», – ասում է Տիգրան Մղդեսյանը:

Մեր հարցին, թե արդյոք նա հպարտանում է “Նիճիերի” մրցույթում իր ձեռքբերումներով, Տիգրանն ամաչեց և ասաց, որ ինքը չի հպարտանում, բայց իրեն լավ է զգում: Ի տարբերություն երիտասարդ տաղանդի, Տիգրանի մայրը` Մարինա Պետրոսյանը հպարտանում է նրանով: Նա ոգևորվել է ժյուրիի անդամների արձագանքից: Ժյուրիի անդամների գովեստի խոսքերը և այն փաստը, որ նրանք ցանկություն հայտնեցին դեռ երկար ժամանակ լսել նրա ելույթը, Մարինայի մոտ առաջացրեցին Տիգրանի հետագա հաղթանակների մեծ հույսեր:

«Իհարկե երկարատև և բազում անգամ քաստինգին մասնակցելու պրոցեսները այնքան էլ հեշտ չեն, բայց ես շատ ուրախ եմ, որ նա մասնակցում է այս մրցույթում: Մենք շատ հպարտ ենք նրանով», – ասում է Տիգրանի մայր Մարինա Պետրոսյանը:

“Նիճիերի” շոուին մասնակցելու գաղափարը Տիգրանին տվել է իր ընկերը, ով սովորում է Թբիլիսիում, ընտանիքում մտածել են և որոշել, որ Տիգրանը պետք է մասնակցի: Մրցույթում նրան մեծապես աջակցեցին ընկերները դահլիճից:

Տիգրանը ինքն էլ ոգեշնչված է հանդիսատեսի ընդունելությամբ և ժյուրիի լավ վերաբերմունքով: Համերգից հետո նա որոշել է սովորել վրացերեն, ժյուրիի անդամների հետ վրացերենով շփվելու համար:

«Բեմը իսկապես ինձ շատ դուր եկավ, այն լուսավոր էր ու պայծառ: Երբ հանդիսատեսը ծափահարում էր, դա ինձ ուժ էր տալիս», – ասում է Տիգրան Մղդեսյանը:

Մեկ ամիս անց տեղի կունենա “Նիճիերի” շոուի երկրորդ ընտրական փուլը: Տիգրանը ջանասիրաբար պարապում է երկրորդ փուլում պատշաճ հանդես գալու համար: Հուսով է, որ կանցնի երկրորդ փուլ: Իսկ մրցույթի եզրափակիչը կկայանա հաջորդ տարվա հունվարին: Տիգրանը արդեն պատրաստվում է նաև եզրափակչին և պատրաստում է անակնկալ հանդիսատեսի և ժյուրիի համար, բայց որն է լինելու նրա անակնկալը դեռ չի ասում:

Շուշան Շիրինյան