Ըստ Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում զգալի առավելությամբ հաղթեց իշխող կուսակցության թեկնածու Գիորգի Կոպաձեն: Առաջին փուլի ընթացքում հաղթանակը «Միացյալ ազգային շարժման» թեկնածու Վաժա Չիտաշվիլիինն էր:

Ախալցխայում 22 օրվա ընթացքում բնակիչները «փոխեցին» իրենց նախապատվությունը: Եթե հոկտեմբերի 8-ին ավելի քան 35 ընտրատեղամասերից, 26-ում ընտրողների մեծամասնությունը քվեարկել էր Վաժա Չիտաշվիլիի`«Միացյալ ազգային շարժման» թեկնածուի օգտին, ապա հոկտեմբերի 30-ին 35-ից միայն 2 ընտրատարածքում Չիտաշվիլին ստացավ ձայների մեծամասնությունը:

Թվերը ցույց են տալիս, որ Ախալցխա-Ադիգենի մեծամասնական ընտրատարածքում Գիորգի Կոպաձեն «Վրացական երազանք»-ից ստացել է 70.21% (18.712) ձայն, իսկ Վաժա Չիտաշվիլին «Ազգային շարժում»-ից ստացել է 29.79% (7941) ձայն:

Չնայած առաջին և երկրորդ փուլում ընտրողների նախասիրությունների տարբերության, նրանց ակտիվությունը հատկապես չէր առանձնանում:

№44 ընտրատարածքում (Ախալցխա-Ադիգենի) գրանցվել է 50272 ընտրող, հոկտեմբերի 30-ին, խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է ընտրողների 56, 27%-ը` 28288 մարդ: Առաջին փուլում հոկտեմբերի 8-ին, մասնակցել է ընտրողների 59.53% -ը: