Երկարատև դադարից հետո, քրիստոնյա ժողովրդի առջև կրկին իր դռները բացեց Վաչիան գյուղի Սուրբ Սիոն եկեղեցին:

Սուրբ Սիոն եկեղեցին հանդիսավոր կերպով վերաօծվեց՝ ձեռամբ Վիրահայոց թեմի բարեխնամ առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, և հոգևոր դասի մասնակցությամբ:

Հայ Եկեղեցու օծման կարգը բաղկացած է երկու սրբազան հատվածներից: Առաջինը կատարվում է նախորդ երեկոյան և կոչվում է նավակատիկ` դռնբացեքի արարողություն: Օծվում են 16 սյուները (12 առաքյալները, 2 ավետարանիչները, Պողոս Առաքյալն ու սուրբ Գրիգոր Լուսավորիչը), մկրտության ավազանը, որտեղ կատարվում է մկրտություն և որտեղ մարդը դառնում է վերստին ծնված քրիստոնյա, օծվում են պատկերները, որոնք վերածնվում են սրբապատկերի: Եկեղեցին օծվում է սուրբ մյուռոնով:

Թեմակալ առաջնորդն իր գոհունակությունը հայտնեց՝ եկեղեցակառույց այս մեծ գործի համար, հուսալով, որ այսպիսի հայորդիների թիվը գնալով կավելանա Ջավախքում և շատերը հետևելով այս օրինակին՝ կշարունակեն դարերով եկած եկեղեցիների վերականգնման սուրբ ձեռնարկը:

Վաչիան գյուղի Սուրբ Սիոն Եկեղեցին հիշատակվում է դեռևս 1830-ական թվականններից: Այն եղել է քարաշեն, փայտածածկ շինություն, որը հիշատակվում է որպես «բավական գեղեցիկ նորաշեն եկեղեցի»:

Խորհրդային կարգերի տապալումից հետո, դեռևս 1993 թվականին վաչիանցիները ձեռնամուխ են լինում գյուղի Եկեղեցու վերակառուցման գործին: Այսօր արդեն պատմական իրողություն է: Գրեթե երեք տասնամյակ քարը քարին դնելով, ռուսաստանաբնակ և գյուղաբնակ վաչիանցիները հասնում են իրենց նվիրական նպատակին: Համատեղ ուժերով վերաբացվում է Սուրբ Սիոն Եկեղեցին:

Իր մեծությամբ Վաչիանը Ջավախքի ամենամեծ գյուղերից մեկն է, և յուրաքանչյուր եկեղեցական ծես՝ պսակ, մկրտություն, օրհնության կարգ իրականացնելու համար վաչիանցիները ստիպված էին լինում ամեն անգամ գնալ Ախալքալաքի Սբ Խաչ եկեղեցի:

Տոնի կապակցությամբ եկեղեցու բակում անցկացվեց համերգային միջոցառում, որին իրենց մասնակցությունն էին բերել Վաչիան պարային համույթի սաները:

Սուրբ Սիոն եկեղեցու օծման ավարտին կատարվեց ավանդական մատաղի օրհնություն:

Աղունիկ Այվազյան