Խանչալի լճի հարակից տարածքները, որոնք նախկինում որպես քաղելավայր էին ծառայում, այսօր արդեն ջրածածկ են և բնակեցված հազվագյուտ հանդիպող թռչուններով։

Արագիլների գյուղ` Փոքր Խանչալիի նույնանուն լիճը ներառված է Ջավախքի ազգային այգու տարածքում: Խանչալեցիները իրենց քաղելավայրերի ճահճացումը կապում են Ազգային այգու հետ:

«Լճի հարակից տարածքը մենք օգտագործել ենք որպես քաղելավայր, ամենաշատ խոտ այդ վայրերում էր լինում։ Չնայած տարածքը սեփականաշնորհված չէր, բայց գյուղացիներով բաժանել և քաղում էինք։ Հիմա ջուրը կապել են մեջը և ամբողջ քաղելավայրը ճահճացել է, ջուրը հասնում է մինչև ծնկներս», – ասաց Փոքր Խանչալի գյուղի բնակիչ Պոդոսյան Արշակը։

xanchyali

«Առաջ քաղում էինք, ահագին խոտ էինք հավաքում, իսկ հիմա ոչ մի ձև չենք կարող օգտագործել», – բողոքեց Փոքր Խանչալի գյուղի բնակիչ Սարո Մահտեսյանը։

Ջավախքի Պահպանվող տարածքների Այցելուների կենտրոնի տնօրեն Թամազ Կարապետյանի հավաստմամբ, լիճը ոչ մի փոփոխության չի ենթարկվում՝ «1985 թվականից մինչ այսօր ինչ վիճակում, որ եղել է, լիճը կրկին նույնն է, ոչ մի փոփոխություն, հավելյալ ջրուղիների միացում չի կատարվել։ Այսօրվա դրությամբ լճում կա 2 ջրուղի և այդպես է եղել երկար տարիներ», – ասաց նա։

Չնայած, որ քաղելավայրերի լճացումը Փոքր Խանչալիում կապում են Ազգային այգու հետ, սակայն բնակիչները միաժամանակ խոսում են Արգելոցի առավելությունների մասին։
«Մեր գյուղում վերջի 4 տարվա ընթացքում հանդիպում ենք հազվագյուտ թռչունների։ Ես տեսել եմ կապտակտուց ժայռային աղավնի, բու, երաշտահավ և իհարկե արագիլներ»,- ասաց Փոքր Խանչալի գյուղի բնակիչ Հայկանուշ Սիմոնյանը։

ljak

Գյուղը բավականին հարուստ է արագիլներով։ Այսօրվա դրությամբ 120 տնտեսություն ունեցող Փոքր Խանչալիում կա մոտավորապես 35 արագիլի բույն: Արագիլների շատանալը ոչ մի կապ չունի Խանչալի լճի հարակից տարածքի ճահճացման հետ:

«Արդեն 3-4 տարի է ինչ արագիլները գյուղում շատացել են։ Պատահել է, որ ձմեռը չեն գնացել, բայց սատկել են չեն դիմացել մեր կլիմային», – նշեց Ավագյան Խաչիկը։

«Նրանց վերադարձի սեզոնը մարտի վերջերից ապրիլի ինն է, եղել է նաև որ շուտ են եկել, բայց կրկին հետ են գնացել։ Առաջ Գարելովկա շատ կար, հետո այնտեղ քչացան, եկան մեր գյուղ»,- հավելեց Իսպիրյան Խորենը։

«Երեք տարի է շուտ են գալիս՝ օրինակ այս տարի փետրվարի տասչորսին եկել էին։ Ամեն տարի շատանում են, մարդ կա բույն սարքելու համար պայմաններ է ստեղծում»,- ասաց Քանաքար Իսպիրյանը։

lij

«Արագիլները լինում են այնտեղ, որտեղ կեր հայթայթել հնարավոր է, քանի-որ մեր լճի մոտակայքում կեր շատ կա, բնականաբար արագիլներն էլ շատ են։ Կարևոր գործոն է նաև այն, որ մենք շատ հոգատար ենք և պայմաններ ենք ստեղծում որպեսզի բազմանան, չնայած նրանք չեն սիրում երբ մարդ միջամտում է իրենց բույն սարքելուն, եթե անգամ մի փայտ մեխենք կհեռանան»,- ասաց Համլետ Մահտեսյանը։

apshac ljak

Փոքր խանչալեցիները գյուղում արագիլների առկայությունը կես կատակ կես լուրջ վերագրում են բնակիչների բնավորությանը, ասելով՝ «Մեր գյուղացիք շատ հանգիստ մարդիկ են, դրա համար էլ արագիլները գիտեն ուր են գալիս»:

karta

Ջուլիետա Տոնականյան