Ախալքալաքի տոնավաճառի վարձակալի կողմից գրավոր դիմումի դեպքում, շրջանային վարչությունը պատրաստ է տոնավաճառի տարածքում զուգարան կառուցելու թույլտվություն տրամադրել:

Ախալքալաքի տոնավաճառի վաճառողները բնական կարիքները հոգալու տեղ չունեն և ստիպված են օրվա կեսին տուն գնալ կամ պահել, ինչքան կարող են: Այս մասին jnews.ge լրատվականը բարձրաձայնել էր երեկ, «Ինչքան կարող ես զսպիր՝ զուգարան չկա» նյութում:

Ախալքալաքի տոնավաճառի վարձակալ Ադամ Այվազյանի խոսքերով, նա վաճառողների նման մտահոգված է այդ հարցով: Նա ասում է, որ պատրաստակամ է համապատասխան թույլտվության դեպքում իր միջոցներով հասարակական զուգարան կառուցել:

«Արդեն 4-5 ամիս է վարչությանը դիմել եմ: Ժողովուրդը բողոքում է, մարդիկ մեղք են, զուգարան է պետք: Եթե վարչությունը թույլտվություն տա, ես իմ փողով կսարքեմ: Ասացին ընտրությունները վերջանա, մի բան կանենք, ընտրությունները վերջացան ոչ մի բան չեղավ: Դա իմ սեփականությունը չէ, ջրատարի, կողուղու հարց է, պիտի թույլտվություն տան»,- ասաց Ախալքալաքի տոնավաճառի վարձակալ Ադամ Այվազյանը:

Վարչությունում տեղեկացանք, որ թույլտվությունը խնդիր չէ, ուղղակի վարձակալը պետք է ճիշտ ձևով դիմի:
«Թույլտվություն պետք է տանք, որ Ադամը զուգարան սարքի իր ուժերով, որովհետև մենք կուզեինք, որ փոստի զուգարանը օգտագործեինք, բայց ինչպես երևում է դա չի ստացվում: Երբ գրավոր դիմում ունենանք վարձակալից, այդ ժամանակ թույլտվություն կտանք»,- ասաց Ախալքալաքի շրջանային վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը:

Ինչպես երևում է, տոնավաճառի զուգարանի հարցը լուծելի է: jnews.ge լրատվականը հետևողական կլինի թե երբ և ինչպես կլուծվի տոնավաճառի մոտ 100 վաճառողի ցավոտ հարցը:

Աղունիկ Այվազյան