Կարտոֆիլի բերքատվությունն Ախալքալաքում բարձր է: Հողագործները բերքի իրացման խնդիր ունեն: Եթե խոշոր հողագործները կարողանում են սեփական ուժերով խնդրին լուծում տալ, ապա մանր ու միջին հողագործները հայտնվել են երկու քարի արանքում: Մասնագետների խոսքերով իրացման խնդիրն առկա է ոչ միայն Ախալքալաքում, այլև ամբողջ Վրաստանում:

kartofil9

kartofil1

Ուշանգի Մելիքիձեն հատուկ դաշտակ է սարքել իր տան դիմաց, որի օգնությամբ կանգնած վիճակում արագ կարողանում է ջոկել կարտոֆիլը: Ըստ նրա այսպես ավելի հեշտ է, քան դաշտում կամ տան ներքնահարկում տոննաներով կարտոֆիլն առանձնացնել: Մելիքիձեները երկու տեսակ են առանձնացնում՝ միջին չափի՝ սերմացու և մեծ՝ վաճառքի համար:

Meliqidze
«Այս տարի շատ լավ բերք էր, օգուտն ինչ, գինը շատ ցածր է, կառավարությունը ուշադրություն չի դարձնում: Եթե Ադրբեջանի ճանապարհը բաց լինի այդ ժամանակ կարելի է վստահ շահութաբեր աշխատանք համարել: Ես Ադրբեջանում եմ ծառայել, այնտեղ կարտոֆիլ չի լինում, դրա համար այստեղից տանում են այնտեղ և վաճառում»,- ասաց Վարևան գյուղի բնակիչ Ուշանգի Մելիքիձեն:

Մելիքիձեների ընտանիքի բոլոր անդամները ամբողջ տարին մշակել են 1,40 հա կարտոֆիլի դաշտ, արդյունքում նրանք հավաքել են 35 տոննա կարտոֆիլ:

«Կեսը տեխնիկայով, կեսը ձեռքով մշակել ենք, հեշտ չէ, մշտական աշխատանք է: Ես ու կինս գարունն անցկացնում ենք կարտոֆիլի դաշտում, որ ձմռանը վառելիք ու ալյուր ունենանք: Միրգ փոխանակող մեքենաները գալիս են 1 կգ մանդարինը 3 կգ կարտոֆիլով փոխանակում: Ամենաէժանը գյուղացու աշխատանքն է»,- սրտնեղեց Մելիքիձեն:

Չնայած Ջավախքում տարին բերքառատ էր, սակայն մարդիկ ուրախանալու փոխարեն դժգոհում են, քանի որ իրացման խնդիր ունեն: Հողագործները իրենց խնդրի մասին բարձրաձայնում էին ամենուր:

kartofil8
Ըստ Գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկատվական և խորհրդատվական կենտրոնի գլխավոր մասնագետ Մերաբ Նաթենաձեի խոսքերի, իրացման խնդիրը օդից կախված է ոչ միայն Ախալքալաքում, այլև ամբողջ Վրաստանում:

«Այս տարի շատ բարձր էր բերքատվությունը, միջինը 1 հա-ից 20-25 տոննա կարտոֆիլ է սպասվում, գինը տատանվում է 30-55 թեթրիի սահմաններում: Եթե պետությունը չնվազեցներ Թուրքիայից ներկրվող կարտոֆիլի քանակը, ապա ավելի էժան կլիներ: Իրացման խնդիրը ոչ միայն մեզ մոտ է, այլև պետական մակարդակով խնդիր է, նրանք ոչինչ չեն կարող քանի որ պետությունը չի խառնվում, ազատ առևտրի պայմաններում մարդը ինքն է կազմակերպում և կարգավորում իրացման գործընթացը»,- ասաց Մերաբ Նաթենաձեն:
kartofil2
Մկրտիչ Ալբերտյանը 20 հա կարտոֆիլ է մշակել: Բոլորը ջրովի դաշտեր են եղել: Վերջինս դժգոհում է կարտոֆիլի ցածր գներից:
«35 թեթրի է, գալիս տանում են կամ մենք ենք տանում: Կարտոֆիլի գինը անընդհատ տատանվում է դրա համար մեզ հետ պայմանագիր չեն կնքում, դա ձեռնտու չէ: Բանվորի գումար ենք տալիս, մշակում ենք, տեխնիկա, դեղամիջոցներ և այլն: Ինքնարժեքը մեր վրա նստում է 40 թեթրի, բայց վաճառում եմ 35 կոպեկի, ինչ անենք վաճառենք, որ աշխատողներին կարողանանք փող տալ»,- ասաց Չամդուրա գյուղից խոշոր հողագործ Մկրտիչ Ալբերտյանը:

kartofil1
Ի տարբերություն մանր ու միջին հողագործների, խոշոր հողագործները կարտոֆիլի բերքի իրացման առանձնապես չունեն: Տարիների ընթացքում նրանք կարողացել են ծանոթություն հաստատել և հենց դաշտից կարողանում են բերքն իրացնել, թեկուզ ցածր գնով:

Խոշոր հողագործ Հովհաննես Մուրադյանի խոսքերով 1 կգ կարտոֆիլի ինքնարժեքը կազմում է 35-37 թեթրի: Նա մեկ ամիս շարունակ տեղացիներին ժամանակավոր աշխատանքով է ապահովում: Գրեթե ամեն օր 30-40 մարդ է աշխատեցնում իր մոտ: Եթե եղանակային պայմանները բարենպաստ լինեն, ապա 10 օրից Հովհաննեսը կկարողանա ամբող բերքը հավաքել: Նա կարտոֆիլ է ցանել 15 հա հողատարածության վրա: Ամբողջ երկրում կարտոֆիլի բարձր բերքատվության պատճառով խոշոր հողագործները 1 կգ կարտոֆիլը իրացնում են ընդամենը 35-40 թեթրիով, այսինքն գրեթե ինքնարժեքի գնի սահմաններում:

«Մաքուր օգուտը կազմում է 3-5 թեթրի, կուրախանանք, որ մեր ներդրած գումարը ետ վերադարձնենք: Կարող է ամբողջ շրջանը բողոքել, որ իրացման խնդիր ունի, բայց ես չունեմ: Ես գնող շատ ունեմ, քանի որ էժան եմ տալիս, կարտոֆիլի ապրանքային տեսքը լավն է, որակով է: Ամբողջ տարին տարբեր դեղամիջոցներով մշակում ենք, որ որակով, առանց հիվանդության կարտոֆիլ ունենանք: Դրա համար թեկուզ էժան, բայց վաճառվում է: Պայմանավորված եմ, զանգում են, գալիս տանում են»,- ասաց Հովհաննես Մուրադյանը:

kartofil4

Եթե խոշոր հողագործները աշխատում են ոչ միայն կարտոֆիլի որակի այլև ապրանքային տեսքի վրա, իսկ ահա մանր ու միջին հողագործները աշխատում են բարձր բերքատվություն ապահովել: Խոշոր հողագործները տարիներով կապեր են հաստատել և հենց զանգում են բեռնատարները գալիս հենց դաշտից գնում են:

«Այստեղից գնում ենք տանում Թբիլիսիի շուկայում վաճառում: Գինը տարբեր է, հիմա 40-45 թեթրիով այնտեղ ենք վաճառում: Այս մարդկանց ճանաչում ենք, նախօրոք տեղեկանում ենք, երբ են քանդում, գալիս ենք: Հիմա կարտոֆիլն ենք դասավորում», – ասաց գնորդ Ռամին Մուրզիեվը Մառնեուլից:

kartofil5

kartofil6

1 հեկտարից քիչ հող մշակող գյուղացիները պահում են կարտոֆիլը, որ ձմռանը կամ գարնանը բարձր գներով վաճառեն: Գյուղերում մարդիկ կանգնում են գյուղամիջյան գլխավոր ճանապարհի վրա և սպասում թե երբ են գալու «կարտոֆիլ» գոռացող մեքենաները, որ ցույց տան և վաճառեն իրենց ունեցած մի քանի տոննա բերքը:

Աղունիկ Այվազյան