Խորհրդարանական ընտրությունները անցան, երկրորդ փուլ Ախալքալաքում և Նինոծմինդայում չի լինի: Ինչպես են գնահատում նախկին պատգամավորության թեկնածուները ընտրության արդյունքները և պրոցեսը, ինչ տեղի ունեցավ հաղթանակի հրավառությունից հետո:

Ընտրությունները Վրաստանում ընդհանուր գնահատմամբ անցել են խաղաղ և ժողովրդավարական, բացառությամբ որոշ միջադեպերի Զուգդիդիում և Մառնեուլիում: Միջադեպեր սպասվում էին նաև Ախալքալաքում, սակայն «Բաղդադում ամեն ինչ հանգիստ էր», չնայած ցածր ակտիվության և կարտոֆիլի բերքահավաքի, ընտրությունները անցկան, և երկրորդ փուլ չի սպասվում: Ախալքալաքը աստիճանաբար անցնում է նորմալ առօրյա կյանքի: Թողնելով մտորումների ու վերլուծությունների համար ժամանակ, մենք հետաքրքրվեցինք նախկին մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներից ընտրությունների ընթացքի և արդյունքների մասին: Դժգոհ էին բոլոր պատգամավորները առանց բացառության:

Ընտրություններում հաղթող թեկնածուն իշխող կուսակցությունից` Հենզել Մկոյանը, ակնկալում էր ստանալ ձայների ավելի մեծ տոկոս: Նա գտնում է, որ ոչ բոլոր պետական մարմիններն էին օգնում պետական կուսակցությանը ընտրությունների ժամանակ:

«Ոչ միայն ես, այլև ողջ աշխարհը գնահատում է, այդ թվում, Ամերիկայի դեսպանը, որ Վրաստանում անցկացվեցին շատ արդար, շատ ազնիվ ու ժողովրդավարական ընտրություններ: Ես ակնկալում էի, ավելի լավ արդյունքներ, մինչ 80%: Ընդհանուր առմամբ, բնակչությունը ընտրություններին գալիս էր: Պարզապես որոշ պետական աշխատողներ Նինոծմինդայում և Ախալքալաքում, ովքեր աշխատում են Շրջանային վարչությունում (Գամգեոբա) ու որպես լիազորներ և մասնագետներ գյուղերում, ստանալով պետական աշխատավարձ դեմ դուրս եկան պետական կուսակցությանը: Ոչ բոլորը, բայց մասամբ, մենք գիտենք նրանց անունները, թե ով էր աշխատում մեր դեմ», – ասաց Հենզել Մկոյանը:

Իրենց պարտության հետ համաձայն չեն բոլոր մյուս թեկնածուները:

“Ամեն ինչ վատ անցավ, անարդար, քանի որ մենք մեր ձայների տերը չեղանք: Ավելի կոնկրետ, մենք վստահ էինք, որ կային գյուղեր, որտեղ մեզ համար պետք է քվեարկեին մեր մտերիմները, մեր բարեկամները, մեր հարազատները, սակայն, վերջում պարզվեց, որ այդ գյուղերից մենք ունենք 0 ձայն: Չեմ կարող բացատրել, թե ինչպես դա տեղի ունեցավ և ինչու այդպես ստացվեց, սակայն, արդյունքում այդպես ստացվեց: Ես չեմ ընդունում ընտրությունների արդյունքները, քանի որ չեմ հավատում այդ արդյունքներին: Մեր դիտորդները հաղորդում էին բազմաթիվ խախտումների մասին: Մենք ներկայացրեցինք այդ խախտումները ԿԸՀ-ին, բայց դա անիմաստ է” – իր կարծիքը հայտնեց Շաքրո Այվազյանը, ով առաջադրվել էր «Պաատա Բուրճուլաձե – Պետությունը ժողովրդի համար» ընտրական դաշինքից:

«Ես չգիտեմ, թե ինչ ասեմ: Ինչպես նրանք ուզեցին, ընտրությունները այդպես էլ անցկացվեցին: Ընդհանրապես, ես ավելին էի սպասում, սակայն պարզապես չստացվեց: Պայքարելը իմաստ չունի, քանի որ մեզ մոտ այդպես եղել է և կշարունակվի: Արձանագրել կեղծիքը իմաստ չունի: Մեկ, երկու, երեք, չորս անգամ արձանագրել, իմաստ ո՞ւնի: Եթե ունենար, այո: Ուղղակի անիմաստ է, անիմաստ պայքար», – կարծում է մեծամասնական պատգամավորի նախկին թեկնածու “Ազգային ֆորում” կուսակցությունից` Արմենակ Փոլորչյանը:

«Ինչ ասեմ, խաբեությամբ և փողով ընտրությունները հաղթեցին: Եթե խարդախություն չլիներ, մենք կհավաքեինք ավելի շատ ձայներ: Այն մարդկանց փոխարեն, ում մենք տանում էինք ընտրությունների, արդեն կատարվել էր ընտրություն Բոգդանովկայում և Ախալքալաքում: Մենք արդեն պայքարում ենք, կարևոր չէ, թե ինչ ենք մենք անում, մենք աշխատում ենք ամեն կերպ: Մենք ամեն ինչ գիտենք, ամեն ինչ արձանագրել ենք: Մենք ունենք բոլոր ապացույցները: Մենք հիմա մտածում ենք այն մասին, թե ում ենք դիմելու, թե ինչ ենք անելու: Կարող եմ համառոտ ասել, որ խարդախություն եղել է : Մեր ձայները անհետացել են մեզ չհասած», – ասում է Աշոտ Սահարյանը, ով առաջադրվել է որպես մեծամասնական թեկնածու «Հանրապետական կուսակցությունից »:

«Թե, ինչպես անցան ընտրությունները, մարդը հաղթեց ընտրություններում: Խախտումներ եղել են, սակայն, ինչ արձանագրեմ, ես դրել եմ իր թեկնածությունը որպես անկախ թեկնածու: Խախտումները հավանաբար մենք իրավունք չունենք արձանագրելու: Մարդիկ ինչպես ցանկացան, այդպես էլ արեցին: Մարդը հաղթեց: Վերջ», – ասում է Ռոբերտ Ջաղացպանյանը, ով առաջադրվել է Նինոծմինդայի նախաձեռնող խմբից, որպես անկախ թեկնածու:

«Արդյունքները շատ վատ էին: Մենք արձանագրել ենք խախտումները, սակայն ուշացել ենք բողոքների գրանցման հետ կապված: Մենք ունենք վիդեոտեսանյութեր: Եթե հաստատվի, որ եղել են քվեաթերթիկների լցոնումներ, ինչպես որ կա տեսանյութում, մենք կբողոքենք դատախազությանը: Մենք տեսնում էինք, որ մարդիկ կարտոֆիլի դաշտերում էին, և որ ընտրություններին չեն գնացել», – ասաց մեծամասնական պատգամավորի նախկին թեկնածու, առաջադրված “Դավիթ Թարխան-Մոուրավի, Իրմա Ինաշվիլի, Վրաստանի հայրենասերների Դաշինք – Միացյալ ընդդիմություն” ընտրական դաշինքից` Մերուժան Կարախանյանը:

«Ես չեմ ընդունում այս ընտրությունների արդյունքները: Որովհետև, թվերը չեն համապատասխանում իրականությանը: Նախընտրական քարոզարշավի հենց սկզբից և մինչ քվեարկությունը եղել է ընտրողների զանգվածային կաշառում: Իմ աչքերով եմ տեսել վարչական ռեսուրսի օգտագործումը, ամեն պահ ես իմ պատուհանից տեսել եմ, թե ինչպես են ադմինիստրատիվ աշխատողները առավոտից երեկո մտնում շտաբ (Խմբ. «Վրացական երազանքի» շտաբ): Նրանք փորձում էին հաղթել ցանկացած գնով, և ցանկացած գնով 0-ի հասցնել իմ վարկանիշը: Որպես անկախ թեկնածու, ես ստորագրահավաք եմ անցկացրել, որպեսզի առաջադրվեմ. մեկ շաբաթում, մենք հավաքել ենք գրեթե 10 000 ստորագրություն: Ինչպես կարող է լինել այդպիսի բան, որ ստորագրահավաքի ժամանակ հավաքեմ գրեթե 10 000 ստորագրություն, իսկ ընտրությունների ժամանակ հազար նկարեն», – ասաց Արտաշես Փալանջյանը, առաջադրված Ախալքալաքի նախաձեռնող խմբի կողմից, որպես անկախ թեկնածու:

«Ընդհանուր Վրաստանում կա դժգոհություն: Ինչ փաստեր մենք ունենք մասնավորապես խախտումների վերաբերյալ, ներկայացրել ենք: Բոլոր այդ խախտումները, ըստ էության, իմ հաղթելու շանսի դեմ էին: Փաստացիորեն «Վրացական երազանքը» և Հենզել Մկոյանը հաղթեցին: Փաստերի դեմ խոսել չի կարելի: Մենք արձանագրել ենք 16 խախտում: Օրինակ, եղել է այսպիսի խախտումներ քվեաթերթիկները հաշվելու ժամանակ չեն հաշվել իմ համարով քվեաթերթիկները և այլ նմանատիպ խախտումներ: Իհարկե, մենք չենք հավաքել այնքան ձայն, ինչքան որ սպասում էինք», – կարծում է “Միացյալ ազգային շարժում” ընտրական դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Արսեն Կարապետյանը:

Քրիստինե Մարաբյան