Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հասարակական կազմակերպությունների խորհուրդը Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հանդես է եկել հայտարարությամբ:

2016 թ. հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ինչպես արդեն հայտարարել էինք, Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) հանդիպումների շարք անցկացրեց ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժերի տարածքային կառույցների ներկայացուցիչների և անհատ թեկնածուների հետ:

Կայացած հանդիպումներում հիմնական ուժերը և թեկնածուները Խորհրդի ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել են ջավախահայությանը հուզող մի շարք հարցեր` ազգային, քաղաքական, հոգևոր-մշակութային և կրթական: Հիմնահարցերի լուծման խնդրում լսել են Խորհրդի հարցադրումները և ներկայացրել ջավախահայությանը հուզող խնդիրների լուծման վերաբերյալ սեփական տեսակետները:

Ի մի բերելով հանդիպումների արդյունքները, վերլուծելով և համադրելով ներկայացված տեսակետներն ու ծրագրերը՝ Խորհուրդը փաստում է, որ խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացրած հիմնական ընդդիմադիր ուժերի և թեկնածուների տեսակետներն ընդհանուր առմամբ համըկնում են Խորհրդի պահանջների հետ:

Քանի որ նշյալ հանդիպումներին իշխող` “Վրացական երազանք” քաղաքական ուժի կողից մեծամասնական հիմունքներով առաջադրված թեկնածուն չի մասնակցել, ուստի իշխանական թեկնածուի տեսակետների մասով, ցավոք, Խորհուրդը ոչինչ չի կարող նշել սույն հայտարարության մեջ:

Ելնելով վերոնշյալից՝ Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հուսով է, որ սույն հայտարարությունից բխող եզրահանգումները թեկնածուների և քաղաքական ուժերի ընտրության հարցում մեծապես կօժանդակեն ջավախքահայությանը:

Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդ