Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոցը գտնվում է վերանորոգման փուլում, իսկ աշակերտները հաճախում են թիվ 1 դպրոց։ Թիվ 1 դպրոցում ուսումնական պրոցեսը ընթանում է 3 հերթափոխով, դասերի տևողությունը 35 րոպե է:

Չորրորդ դպրոցի տարրական դասարանների (1-ին և 2-րդ) դասաժամերը սկսվում են առավոտյան ժամը 12։00-ին, իսկ մնացած դասարանները՝ 14։30-ին: Ինչն էլ պատճառ է հանդիսանում ծնողների և աշակերտների դժգոհության։

Ստեղծված իրավիճակը առավել անհարմարավետ է հարակից գյուղերի և Ախալքալաքի ծայրամասերում ապրող աշակերտների համար, որոնց հատուկ տրանսպորտ է սպասարկում։ Աշակերտը՝ ով դասաժամը վերջացնում է ժամը 18։00-ին, հավելյալ 30 րոպե սպասում է, որպեսզի մյուս աշակերտներն էլ վերջացնեն դասերը և միասին տուն գնան։

«Այս օրակարգով դպրոց հաճախելու միակ առավելությունն այն է, որ առավոտը շուտ չենք արթնանաում»,- ասաց 7-րդ դասարանցի Մաքսիմը։

«Չենք հասցնում ոչ մի բան, դպրոցից գնում ենք տուն ահավոր գերհոգնած, դասերը չենք հասցնում պարապել, առավոտյան էլ մինչև արթնանում, հաց ենք ուտում, քիչ ժամանակ է մնում դասերին», – ասաց 8-րդ դասարանի աշակերտուհի Աշխենը։

«Հիմա շատ լավ է շուտ չեմ զարթնում, մամաս ասում է ձմեռը ցուրտ է լինելու ու եթե կրկին նույն ժամին վերջանան դասերը, ես դպրոց չեմ գա»,- ասաց 3-րդ դասարանի աշակերտ Վանյան։

4-րդ դպրոցի աշակերտներին բավականին ոգևորում է նաև առավել բարեկարգ դպրոց ունենալու միտքը՝ «Չնայած մեր դպրոցը մինչև վերանորոգելն էլ շատ լավ վիճակում էր, բայց հիմա առավել ևս կլավանա ու մենակ այդ միտքը հերիք է նոր օրակարգին հարմարվելու համար»,- ասաց Անին։

Սակայն 1-ին դպրոցի աշակերտները անհարմարությունների արդյունքում ոչ մի բան չեն շահելու: Նրանք միայն «շահեցին» կրճատված դասաժամեր, որոնք տևում են 35 րոպե:

Երկու դպրոցի ուսումնական պրոցեսը մեկ շենքում դժգոհություն է առաջացնում ինչպես 1-ին, այնպես էլ 4-րդ դպրոցի աշակերտների ծնողների մոտ:
«Իմ երեխաս 14։30 վերջացնում է դասերը, բայց դպրոցը տնից հեռու է ու միակ անհարմարությունը դա է, օրինակ մի քանի օր առաջ երեխան դասերը շուտ էր վերջացրել մանդատուրիները չէին նկատել ու երեխան դուրս էր եկել։ Մեզ ներս չեն թողնում, ձմեռը ցրտին երեխաներին դրսում ոնց ենք սպասելու չեմ պատկերացնում», – ասաց 2-րդ դասարանի աշակերտի ծնող՝ Կարոյան Նաիրան։

«Դժվար է, և երեխաների համար և ծնողների, բայց ինչ կարող ենք անել»,- ասաց 3-րդ դասարանի աշակերտի ծնող Արմինեն։

Աշակերտների և ծնողների շրջանակներում խոսակցություն էր տարածվել թե ձմռանը, որոշ առարկաներ կրճատվելու են, որպեսզի շատ ուշ տուն չգնան աշակերտները։

«Դասաժամերը չեն կրճատվում ոչ մի դեպքում, կմնա այնպես, ինչպես այժմ է: Հասկանում եմ իրավիճակը անսովոր է, սակայն ես դիմել եմ նախարարությանը որպեսզի ինչ-որ լուծում առաջարկեն ստեղծված իրավիճակի համար»,- մեզ հետ զրույցում ասաց թիվ 4 դպրոցի տնօրեն Նաթելա Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է դպրոցի շինարարական աշխատանքներին, ապա մեզ տեղեկացրեցին, որ աշխատանքների ավարտը նախատեսված է փետրվար ամսին։
«Մենք աշխատանքները սկսել ենք օգոստոսի 9-ից և մինչ փետրվարի վերջ ժամանակ ունենք այն վերջացնելու։ Եթե եղանակները չվատանան, կաշխատենք սահմանված ժամանակահատվածում աշխատանքը ավարտել», – մեզ հետ զրույցում ասաց Georgian Engeneering կազմակերպության մենեջեր Գիզո Առաքելիան։

Ջուլիետա Տոնականյան