Ախալքալաքի ընտրատարածքում առաջադրված մեծամասնական թեկնածուները իրենց տեսակետներն են հայտնում Ջավախքում ուժային կառույցների գործնեության վերաբերյալ:

jnews.ge լրատվականը ընթերցողների խնդրանքով բոլոր թեկնածուներին դիմեց նույն հարցադրումով, պարզելու համար թեկնածուների տեսակետները, թե ինչպես են վերաբերվում Ջավախքում ուժային կառույցների՝ ոստիկանության, ճանապարհային ոստիկանության, հարկային տեսչության, բանակի և ազգային անվտանգության ծառայության աշխատանքին և ազդեցությանը, և խորհրդարան մտնելու դեպքում ի՞նչ աշխատանք կտանեն այդ ուղղությամբ:

Ստորև ներկայացնում ենք թեկնածուների տեսակետները վերոնշյալ հարցերի շուրջ:

«Ուժային կառույցները հակասահմանադրական կերպով իրենց լիազորությունները ավելացրել են, իրենք ինչով զբաղվում են Ջավախքում դա անօրինական է: Նրանց պետք է օրենքի դաշտ բերել: Նրանք խառնվում են տեղական ինքնակառավարման մարմինների գործնեության մեջ, ընտրական պրոցեսներին, ընտրական հանձնաժողովների անդամներին են նշանակում, մարդկանց են սպառնում, ամեն ինչ անում են բացի իրենց պարտականություններից: Խորհրդարան մտնելու դեպքում կաշխատեմ, որ ուժային կառույցները օրինական դաշտում աշխատեն», – ասաց «Դավիթ Թարխան Մոուրավի, Իրմա Ինաշվիլի, Վրաստանի հայրենասերների դաշինքը, միացյալ ընդդիմություն» բլոկի կողմից Ախալքալաքի ընտրատարածքում առաջադրված մեծամասնական թեկնածու Մերուժան Կարախանյանը:

«Այսօրվա դրությամբ ինչ-որ կատարվում է Թբիլիսիից է գալիս: Տեղում հայության պահով հարց չի որոշվում, որովհետև ինչ Թբիլիսիից ասում են, այստեղ այդ էլ կատարվում է: Մեր ժամանակ ուրիշ ձև կլինի Ջավախքում, առաջին հերթին պետք է պաշտպանել մեր հայությանը: Եթե վրացերեն չգիտեն, որ լեզվով պետք է հարցը բարձրացնեն կամ քննարկեն խորհրդարանում: Ուժային կառույցները Ջավախքում հենց Ջավախքի պատգամավորի հետ են աշխատում՝ ճնշելով մեր հայությանը: Ոչ թե Թբիլիսիից կամ ուրիշ տեղից են ճնշում այլ տեղում պատգամավորը՝ ինքն է ճնշում ժողովրդին», – ասաց «Պաատա Բուրճուլաձե – Պետությունը Ժողովրդի համար» բլոկի կողմից Ախալքալաքի ընտրատարածքում առաջադրված մեծամասնական թեկնածու Շաքրո Այվազյանը:

«Իմ կարծիքով չի կարելի ժողովրդի վրա ճնշում կատարել: Պետք է այնպիսի աշխատանք տանել, որ ուժային կառույցների աշխատանքը ժողովրդի կողմից նման կերպ չընկալվի: Մենք դեմ ենք ճնշումներին և խորհրդարան մտնելու դեպքում ևս կաշխատենք, որ չլինեն ճնշումներ», – ասաց Հանրապետական կուսակցության կողմից Ախալքալաքի ընտրատարածքում առաջադրված մեծամասնական թեկնածու Աշոտ Սահարյանը:

«Շատ սխալ են աշխատում ոչ միայն Ջավախքում, այլև Վրաստանում, դրա համար էլ կրիմինալը շատացել է: Իրենց պահելաձևը նույն բանն է: Քանի-որ ես շատ մեծ փորձ ունեմ, գիտեք եղել եմ ուժային կառույցներում, տարիներ շարունակ աշխատել եմ շատ օրենքների հեղինակ եմ, ռեֆորմներ գրողը ես եմ եղել, հսկայական մի մեծ ծրագիր ունեմ, որը ուժի մեջ կմտնի մեր հաղթելուց հետո երկու ամիս անց: Կտեսնեք, թե ինչպես 6 ամսում ոստիկանությունը մարդկանց կողմից սիրելի հիմնարկ կդառնա: Առաջին հերթին պիտի սերվիս կենտրոն դառնա, որ ժողովրդին ծառայի», – ասաց «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից Ախալքալաքի ընտրատարածքում առաջադրված մեծամասնական թեկնածու Արսեն Կարապետյանը:

«Շատ մեծ է իրենց ազդեցությունը Ջավախքում: Այնպիսի դիրք են դրել, որ երևի առանց իրենց ոչ մի հարց չի լուծվում, ոչ մեր Սակրեբոլոն, ոչ էլ վարչությունը, նույնիսկ կենտրոնական հիմնարկությունները մարդկանց աշխատանքի են ընդունում ուժային կառույցների թույլտվությամբ: Այդ ուղղությամբ պետք չէ աշխատանք տանել, շատ հասարակ ձև է, եթե ինքնակառավարումը թափանցիկ աշխատի, ոչ մի խնդիր չի լինի: Պաշտոնների իրենք են նշանակում դրա համար էլ ազդեցությունը ունեն պաշտոնյաների վրա», – ասաց նախաձեռնող խմբի կողմից Ախալքալաքի ընտրատարածքում առաջադրված մեծամասնական անկախ թեկնածու Արտաշես Փալանջյանը:

«Ոստիկանության աշխատանքի մասով ես չեմ կարող ասել թե վատ են աշխատում, կամ վատ ազդեցություն ունեն: Ուղղակի նախկինի հետ համեմատած մի քիչ թույլ են աշխատում: Մենք բոլորս էլ տեսնում ենք, որ շատացել են գողությունները, ապօրինությունները և այլն: Ավելի լավ է մի քիչ ավելի խիստ լինեն: Խորհրդարան մտնելու դեպքում կաշխատենք, որ ամեն ինչ նորմալ լինի», – ասաց «Ազգային ֆորում» կուսակցության կողմից Ախալքալաքի ընտրատարածքում առաջադրված մեծամասնական թեկնածու Արմենակ Փոլորչյանը:

«Ուժային կառույցները շատ կոպիտ, ագրեսիվ են վերաբերվում բնակչությանը: Մեկ անձի կամքով, կառավարողի, ով լարում է ժողովրդի դեմ ուժային կառույցները՝ ոստիկանությունը, դատախազությունը, դատարանը, ֆինանսական ոստիկանությունը և այլն: Սա միայն իմ կարծիքը չէ, սա ժողովրդի կարծիքն է: Նախկինում լինելով ուժային կառույցներում, ես այդ ամենը լավ գիտեմ: Եթե ես կարողանամ հաղթել անպայման կբացատրեմ ժողովրդին և ուժային կառույցներին, որ այդպես ագրեսիվ չի կարելի վերաբերվել մարդկանց հետ: Վրաստանի քաղաքացիների ազգությամբ հայերին պետք է նույն ձևի վերաբերվեն, ինչպես ազգությամբ վրացիների հետ: Ես պահանջում և խնդրում եմ բոլոր ուժային կառույցներից մարդկանց վերաբերվեն իրավահավասարության սկզբունքներից ելնելով, որովհետև, երբ գնում ես Թբիլիսի քեզ ոչ-ոք ագրեսիվ չի վերաբերվում, իսկ, երբ գալիս ես Ջավախք սկսվում է ագրեսիա, և այս ամենը մեկ անձի կամքով», – ասաց Ախալքալաքի ընտրատարածքում առաջադրված մեծամասնական անկախ թեկնածու Ռոբերտ Ջաղացպանյանը:

«Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցության թեկնածու Հենզել Մկոյանի հետ երկու օր է արդեն չենք կարողանում կապ հաստատել: Կուսակցության Ախալքալաքի նախընտրական շտաբից մեզ ասացին, որ իրենք իրավասու չեն մեր հարցերին պատասխանել թեկնածուի փոխարեն, իսկ Հենզել Մկոյանը գտնվում է Թբիլիսիում և միայն վաղվանից կկարողանա պատասխանել հարցերին:

jnews.ge լրատվականը հոդվածը հրապարակում է առանց «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցության թեկնածուի տեսակետի, քանի որ վաղը լռության օր է:

Աղունիկ Այվազյան