Ֆլեքս (FLEX) – ապագա առաջնորդների փոխանակման ծրագիրը ավագ դպրոցների աշակերտների համար հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել Ամերիկայի մշակույթը, հաճախել այնտեղ վարժարան և ապրել ամերիկյան ընտանիքում։ Ֆլեքս-ի մասնակիցները կոչ են անում օգտվել հնարավորությունից:
Ֆլեքսի հերթական ծրագրին մասնակցել ցանկացողները հոկտեմբերի 10-ին ժամը 10:00-ին կարող են ներկայանալ Նինոծմինդայի թիվ 1 դպրոց, իրենց հետ ունենալով ծննդական վկայական, լուսանկար՝ 3×4 չափսի և գրիչ։

Ծրագրին կարող են մասնակցել 9, 10, 11-րդ դասարանների աշակերտները, ովքեր ծնվել են 2000 թվականի հունվարի 1-ից 2002 թվականի հուլիսի 16-ը ընկած ժամանակահատվածում։

Տոլիկ Հովհաննիսյանը 2015-2016 ուսումնական տարում 10 ամիս սովորել է Ամերիկայում:
«Այն միտքը, որ ես շուտով գնալու էի Ամերիկա և 10 ամիս ապրելու և սովորելու էի այնտեղ, որքան անորոշ՝ այնքան էլ հաճելի ու ոգևորեցնող էր։ Տվյալ ժամանակահատվածում բացի անգլերենի իմացությունից սովորեցի և ծանոթացա ամերիկյան մշակութային կյանքին և շարունակ համեմատականներ ու զուգահեռներ էի անցկացնում մեր և նրանց մշակույթի, կենցաղի միջև։ Ձեռքբերումներս շատ-շատ են, և առաջնայինը սովորեցի ապրել ինքնուրույն, ունեցա շատ ընկերներ, որոնց հետ կապը մինչև այսօր պահպանվում է»,- պատմեց Տոլիկ Հովհաննիսյանը։

Մասնակցել ցանկացողները 3 քննական փուլ հաղթահարելու դեպքում դառնում են ծրագրի մասնակից։ Առաջին փուլը թեստային համակարգով է, որը անցկացվում է տեղում և արդյունքներին ծանոթանում են քննությունից րոպեներ անց, 2-րդ փուլը նույնպես թեստային համակարգով է ընթանում, սակայն արդյունքները համեմատաբար ուշ են իմանում, քանի-որ մասնագետները, ովքեր ստուգում են աշխատանքները, Վաշինգտոնում են։ 3-րդ փուլում մասնակիցներից պահանջվում է գրել կարճ տեքստ առաջարկվող թեմաների վերաբերյալ, ինչպես նաև նրանք հաղթահարելու են հարցազրույց։ Այն մասնակիցը, ով չունի անգլերենի բավարար իմացություն Ամերիկա մեկնելու և ապրելու համար, ուղարկվում է Եվրոպական որևէ երկիր 2 ամսյա դասընթացների, անգլերենի իմացությունը բարելավելու համար:

Տոլիկ Հովհաննիսյանը Ախալքալաքի 2 աշակերտներից մեկն էր, ով 2015-2016 ուսումնական տարում ընտրվեց որպես «Ֆլեքսի» մասնակից: Երկրորդը Ռիմա Մարանգոզյանն էր:
«Այնտեղ մեր առօրյան շատ հագեցած էր և ձանձրանալու ժամանակ անգամ չունեինք։ Առավոտյան ժամը 7-ից 3-ը դպրոցում էինք լինում, որտեղ ուսումնասիրում էինք տարբեր առարկաներ և ըստ ցանկության հաճախում էինք նաև արհեստագործական դասաժամերի»,- պատմեց Տոլիկը։

Տոլիկը ցանկանում է, որ այն հնարավորությունը, որը ինքն է ունեցել և այն զարգացումը, որն ինքն է ապրել Ամերիկայում, ունենան նաև շատ երիտասարդներ Ախալքալաքից:
«Ես ուզում եմ դիմել նրանց, ովքեր ունեն ծրագրին մասնակցելու հնարավորություն, թող չվախենան ոչ մի տիպի քննությունից և անգլերենի իմացության թերացումից, նրանք առավել շատ նախընտրությունը տալիս են մարդու դաստիարակությանն ու հոգեբանությանը։ Իսկ թե ինչ է լինելու ծրագրում ընդգրկվելուց հետո, կարող եմ ասել միայն ու միայն լավը», – ասաց Տոլիկ Հովհաննիսյանը։

FLEX ծրագիրը Վրաստանի մոտ 80 աշակերտի կապահովի կրթաթոշակով 2017-2018 ուսումնական տարվա համար: Ծրագիրը նախատեսում է տեղափոխում բնակության վայրից՝ Վրաստանից Միացյալ Նահանգներ, ետ վերադարձ, ինչպես նաև ամսական կրթաթոշակ:

Ջուլիետա Տոնականյան