Ախալքալաքի շրջանի Բուռնաշեթ գյուղի մշակույթի տունը հուլիսի 20-ից այս կողմ տանիք չունի:

Ախալքալաքի շրջանի Բուռնաշեթ գյուղի մշակույթի տան հուլիսի 20-ին քշված տանիքը այժմ էլ քշված է, և մշակույթի տունը մնում է առանց անձրևաջրերից պաշտպանության։ Ընկերությունը, որը զբաղվելու է մշակույթի տան տանիքի վերանորոգմամբ դեռևս պարզ չէ։

Հաշվի առնելով այն փաստը, որ Ախալքալաքում ձմեռը անհամեմատ շուտ է գալիս, առաջանում է մտահոգություն՝ մինչև ձյան տեղալը տանիքի վերանորոգման աշխատանքները արդյո՞ք կսկսվեն և կվերջացվեն։

«Տենդերը ընթացքում է, 8 ընկերություն է պայքարում տվյալ տենդերի համար և յուրաքանչյուր 10 օրը մեկ կանչում ենք հարցազրույցի։ Մինչև պայմանագիրը չլինի, ոչինչ պարզ չի լինի, իսկ ինչ վերաբերում է շենքի վնասվածքներին, ապա ամեն ինչ կարգին է, միայն դահլիճում կա մի փոքր խնդիր, որը նույնպես կշտկենք։ Իսկ այն հարցին, թե արդյոք կհասցնենք աշխատանքները վերջացնել մինչև ձյան գալը, ապա կարծում եմ, որ այո», – ասաց Ախալքալաքի Շրջանային Վարչության ենթակառուցվածքային ծառայությունների, տարածքային ձևավորման, շինարարության և ճարտարապետության բաժնի ղեկավար Ալբերտ Նահատակյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին, երեկոյան ժամը 19։30-ին Բուռնաշեթ գյուղում տեղի էր ունեցել ուժեղ քամի, որը տևել է մոտավորապես 30 րոպե: Ընթացքում հողմապտույտը պոկել է մշակույթի տան տանիքը, դրան հաջորդած անձրևը ամբողջովին շարքից հանել է շենքի ներսում գտնվող գույքը։

Ջուլիետա Տոնականյան