Նախաձեռնող խմբերի երկու անկախ թեկնածուներից մեկը հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին Նինոծմինդայի շրջանի նախկին ոստիկանապետ Ռոբերտ Ջաղացպանյանն է:

Հավաքելով անհրաժեշտ քանակով ստորագրություններ, Ռոբերտ Ջաղացպանյանը գրանցվել է որպես անկախ թեկնածու Ախալքալաքի մեծամասնական ընտրատարածքում:

«Անկեղծ ասած ինձ շատ մարդիկ շրջանի տարբեր գյուղերից դեռ գարնանը դիմում էին, որ առաջարդրեմ իմ թեկնածությունը խորհրդարանական ընտրություններում: Մարդիկ խնդրանքով դիմում էին, որ դրեք ձեր թեկնածությունը, քանի որ ինչ հիմա է կատարվում մեր շրջանում արդեն չենք կարող համբերել: Մարդիկ դժվար իրավիճակում են, մարդիկ պաշտպանված չեն զգում, անելանելի վիճակում են: Եվ ես մտածեցի ու որոշեցի, այնպես, ինչպես ժողովուրդը գալիս և խնդրում էր, կարող եմ ասել, որ շատ կուսակցություններ ևս առաջարկել են, բայց ես գտնում եմ, որ իմ կուսակցությունը՝ ժողովուրդն է: Դրա համար էլ ես առաջադրվեցի որպես անկախ թեկնածու»,- ասաց Ռոբերտ Ջաղացպանյանը:

Անկախ թեկնածուի կարգախոսն է՝ «Արմատական փոփուխություններ»: Վերջինս խորհրդարանում հայտնվելու դեպքում աշխատելու է հողերի մասին օրենքը փոփոխության ենթարկելու:

«Ժամանակը եկել է արմատական փոփոխությունների, արդեն 17 տարի լճացում է, չգիտեմ մարդիկ ինչի են վերածվել, ոչ միայն մեր շրջանը, այլև ամբողջ Ջավախքը վերածել են բերդ, մարդկանցից խլել են հողերը, արոտավայրերը, դատել են շատերին, չկա մեկը, որ պաշտպան կանգնի ժողովրդին: Մեկը 2000 հա հող ունի, իսկ մյուսը 1 հա չունի, սա անարդար է: Վերանայել հողերի մասին օրենքը: Հիմնականում անօրինական են վաճառվել հողերը, կեղծ փաստաթղթերով, դրա համար ժողովրդի մեծ մասը մնացել է առանց հողերի: Վերանայել տեղական բյուջեն, ինչպես և ինչու վրա են ծախսել շրջանային բյուջեն: Ախալքալաքում համեմատաբար Նինոծմինդայի հետ ավելի լավ վիճակ է: Տենդերները տարիներով շահում են նույն մարդիկ: Մարդիկ մնացել են առանց աշխատանքի, երիտասարդները անգործ ման են գալիս, բարեկամական կապերը այստեղ ամեն ինչ են որոշում: Մարդիկ այս ամենը տեսնում են, սակայն վախենում են ասել այս մասին, քանի որ մեր շրջանում շատ բարդ է խոսելը»,- ասաց Ախալքալաքի մեծամասնական ընտրատարածքում անկախ թեկնածու Ռոբերտ Ջաղացպանյանը:

Աղունիկ Այվազյան