«Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցության թեկնածուն Հենզել Մկոյանը Ախալքալաքի շրջանում սկսեց իր նախընտրական քարոզարշավը: Ինչպես է անցնում իշխող կուսակցության թեկնածուի քարոզարշավը, կարդացեք մեր նյութում.

Սեպտեմբեր 13-ին, 11:00-ից հետո կարծախի մայրուղու վրա երթևեկում էր 60-80 մեքենաներից բաղկացած շքերթը. մարդատար ավտոներ և մի քանի միկրոավտոբուսներ իշխող կուսակցության թեկնածուին գովազդող պաստառներով և դրոշներով: Յուրաքանչյուր մեքենայում նստած էին առնվազն 2 մարդ: Այս շքերթը` պատգամավորի թեկնածու Հենզել Մկոյանի աջակցության խումբն էր: Նա սկսեց իր նախընտրական քարոզարշավը Ախալքալաքի շրջանի Դադեշ, Կարծախ, Բոզալի և Սուլդա գյուղերում: Նախընտրական քարոզարշավի ընթացքում մեծամասնական թեկնածուի հետ էր նաև ձեռներեց Սամվել Մանուկյանը, ով առաջադրվել է իշխող կուսակցության ցուցակում:

11:40-ին քարոզչական հանդիպումը սկսվեց Դադեշ գյուղում արարողությունների տան մոտ: Հանդիպմանը հավաքվել էին շքերթից ժամանած մարդիկ և գյուղի բնակիչները, ավելի քան 200 մարդ: Հենզել Մկոյանին հավաքվածներին ներկայացրեց Նինոծմինդայի շրջանի մշակույթի, սպորտի, կրթության և հուշարձանների պահպանության բաժնի պետ Ժորա Սնխչյանը:

Որից հետո ելույթ ունեցավ Հենզել Մկոյանը, ով մասնավորապես ասաց.
«Եթե ես այս տարի նորից ընտրվեմ, եթե դուք նորից տաք ձեր ձայնը «Վրացական երազանք» կուսակցությանը, ես կանեմ ամեն ինչ, կլինեմ ձեր շտապ օգնությունը, որպեսզի ձեր կյանքը բարելավվի», – ասաց նա:

Ելույթից հետո գյուղի բնակիչները պատմեցին իրենց խնդիրների մասին: Դադեշ գյուղի բնակչուհին ասաց գյուղում մանկապարտեզի կառուցման անհրաժեշտության մասին, ինչպես նաև Հայկուհի Մանասյանը խնդրեց թեկնածուին հովանավորել գյուղի մարզիկներին: Օֆելյա Իսպիրյանը խնդրեց, որ թեկնածուն օգնի գյուղում արվեստի զարգացմանը, գյուղացիները խոսեցին նաև «Օգնություն գյուղին» ծրագրի գումարների պատշաճ ծախսման մասին: Բնակիչները խնդրեցին օգնել «Բաքու-Թբիլիսի- Կարս» երկաթուղու կառուցումից ծագած խնդիրների լուծման հարցում, մասնավորապես նշեցին, այն մասին, որ երկաթուղու շինարարությունից հետո անասուններին արոտավայրեր տանելու ճանապարհ չկա, և որ իրենց արոտավայրերը զբաղեցրել են “թուրքերը”, և նրանք ոչ մի տեղ չունեն անասունները արածացնելու համար:

Ինչին Հենզել Մկոյանը պատասխանեց.
«Երկաթուղին ինչքան օգուտ որ բերի, երեք անգամ ավելին վնաս է պատճառում: Սա ոչ միայն Դադեշի և Սուլդայի խնդիրն է: Նինոծմինդայի գյուղերում. Գոնդուրա, Մամզարա, Ղուլալիս, Փոկա նույն խնդիրն է: Մենք այդ հարցը կբարձրացնենք և վարչապետի հետ միասին կորոշենք, որպեսզի անասունների համար կառուցվեն ճանապարհներ», – ասաց Հենզել Մկոյանը:

Դադեշ գյուղում թեկնածուին խնդրեցին օգնել հայոց լեզվի և գրականության ուսուցիչների վերապատրաստման հարցում, և որպեսզի դպրոցներում դասավանդվի «Հայոց պատմություն» առարկան: Թեկնածուն խոստացավ օգնել այս հարցում նույնպես:

Դադեշ գյուղից հետո թեկնածուն շքերթի հետ միասին երթևեկեցին Կարծախ գյուղ: Հանդիպումը տեղի ունեցավ գյուղի կենտրոնում Հայոց ցեղասպանության զոհերի և Հայրենական Մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանի մոտ: Այնտեղ հավաքվել էին մոտավորապես նույն քանակությամբ մարդիկ, որքան որ Դադեշում:

Նախ, ինչպես և Դադեշում թեկնածուին ներկայացրեց Ժորա Սնխչյանը, որից հետո ելույթ ունեցավ մեծամասնական թեկնածու Հենզել Մկոյանը:
«Ես խոստանում եմ լինել ձեր կողքին, ընդունել Ձեզ, և լսել Ձեր խնդիրները և խոստանում եմ միշտ լինել ձեր կողքին», – Կարծախ գյուղի ընտրողներին ասաց Հենզել Մկոյանը:

Բոզալի գյուղում հանդիպումը կայացավ նույնպես ծիսակատարությունների տան մոտ, համեմատ մյուս գյուղերի այս գյուղում քիչ մարդ էր հավաքվել:

Բոզալիում Հենզել Մկոյանը նույնպես խոստացավ լինել մարդկանց կողքին, լսել նրանց և օգնել: Նա նշեց, որ նրան այս ամենում կօգնի թեկնածու Սամվել Մանուկյանը: Բոզալիում բնակիչները խնդրեցին օգնել հայոց լեզվի և գրականության դասագրքերի սահմանից տեղափոխմանը:

Բոզալի գյուղից թեկնածուի կողմնակիցները մեկնեցին Սուլդա: Այնտեղ նույնպես հանդիպումը կայացավ ծիսակատարությունների տան մոտ:

Հանդիպման ընթացքում իր ելույթում Հենզել Մկոյանը ասաց, որ գիտի գյուղի բոլոր խնդիրները և կփորձի օգնել:
«Ես խոստանում եմ, որ եթե ես ընտրվեմ հինգերորդ անգամ, կանեմ այնպես, որ Ախալքալաքի և Նինոծմինդայի մարդիկ սիրեն իրար, մենք միասնական ժողովուրդ ենք: Ես կփորձեմ անել ախալքալաքցիների համար այն, ինչը արել եմ Նինոծմինդացիների համար. լսել ձեր խնդիրները և լուծել դրանք », – ասաց նա:

Այս հանդիպման ժամանակ բնակիչները խնդրեցին օգնել կենսաթոշակառուներին ստանալ իրենց խնայողությունները, որոնք նրանք Խորհրդային Միության ժամանակ ներդրել են բանկերում, ինչպես նաև խնդրեցին աջակցել կարտոֆիլի իրացման հարցում:

Բոլոր այդ հարցերում Հենզել Մկոյանը խոստացավ օգնել:
Այսպիսով Ախալքալաքում Հենզել Մկոյանի քարոզչության առաջին օրը ավարտվեց: Հանդիպման ավարտին բոլորին հրավիրեցին ճաշելու:
энзелл
Շուշան Շիրինյան