Վրաստանի Հանրապետական կուսակցությունը Ախալքալաքի մեծամասնական ընտրատարածքում պատգամավորի թեկնածու է առաջադրել Ախալքալաքի Շրջանային ժողովի (Սակրեբուլոյի) պատագամվոր Աշոտ Սահարյանին:

Աշոտ Սահարյանի պաշտոնական ներկայացումը Ախալքալաքի և Նինոծմինդայի ընտրողներին տեղի կունենա սեպտեմբերի 11-ին Ախալքալաքի «Խաս Բախչա» այգում:

Աշոտ Սահարյանը Հանրապետական կուսակցության անդամ է 2013 թ.-ից ու Ախալքալաքի կուսակցության մասնաճյուղի նախագահն է: Նա տեղի Շրջանային ժողովի (Սակրեբուլոյի) պատգամավոր է Գումբուրդոյի տարածքային տեղամասից:

Ըստ Աշոտ Սահարյանի, կուսակցությունը շատ ծրագրեր ունի: Ծրագրի մեջ մտնում է տեղական բյուջեի աճը, խմելու և ոռոգման ջրի, ինչպես նաև Ջավախքի ճանապարհների բարելավումը:

Որպես ազգային փոքրամասնության ներկայացուցչի, նրան մտահոգում է դպրոցներում հայոց լեզվի դասաժամերի կրճատումը և «Հայոց պատմություն» առարկայի բացակայությունը:

Մանդատ ստանալու դեպքում, նա հարց կբարձրացնի Ախալքալաքի 17 գյուղերի Բորժոմի ընտրատարածք փոխանցման մասին:

«Չնայած, որ դա միայն ընտրությունների ժամանակ է, բայց միևնունն է ոչ թե Ախալքալաքից էր պետք գյուղերը Բորժոմին տալ, այլ անհրաժեշտ էր Ծալկան միացնել Նինոծմինդային: Ախալքալաքում ընտրողների քանակը քիչ էր պակասում, և դա հնարավոր էր լուծել միացնելով Ասպինձայից մի քանի գյուղ», – ասում է Աշոտ Սահարյանը:

Բացի այդ, նա մտահոգված է նաև երիտասարդների գործազրկությամբ:

«Նրանք ավարտում են համալսարանները, գալիս են, բայց տեղ չունեն աշխատելու», – ասում է Աշոտ Սահարյանը:

Պաշտոնական քարոզարշավը Ախալքալաքում և Նինոծմինդայում Հանրապետական կուսակցությունը կսկսի սեպտեմբերի 11-ին: Նրանք պատրաստվում են այցելել Ախալքալաքի և Նինոծմինդայի գյուղեր և ծանոթացնել քաղաքացիներին կուսակցության ծրագրին ու ծանոթանալ բնակիչների խնդիրներին:

Շուշան Շիրինյան