Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղի գյուղապետ Զարզանդ Կուջոյանը և միևնույն գյուղի բնակիչ Գրիգոր Ափոյանը դատվում են ծեծի ենթարկելու կամ այլ տեսակի ֆիզիկական բռնության փաստի հիման վրա: Ամբաստանյալը ասում է, որ տարաձայնության պատճառը քաղաքական հայացքներն են, իսկ հայցվոր կողմը ասում է, որ ոչ մի քաղաքականություն չկա:

Օգոստոսի 29-ին ժամը 12:00-ին Ախալքալաքի դատարանում տեղի ունեցավ հերթական, 3-րդ դատական նիստը Զարզանդ Կուջոյանի հայցի հիման վրա, Գրիգոր Ափոյանի դեմ: Գրիգոր Ափոյանը մեղադրվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասով: Հոդվածը ներառում է ծեծի կամ բռնության այլ ձևեր, որոնք տուժվածին մեծ վնաս չեն հասցնում, իսկ երկրորդ մասը, մասնավորապես, ենթադրում է, որ տուժվողը եղել է ոչ սթափ վիճակում:

2016 թ.-ի, հունիս 17-ին, երեկոյան, Բոզալի գյուղում Զարզանդ Կուջոյանի և Գրիգոր Ափոյանի միջև տեղի է ունեցել լեզվակռիվ: Եվ դրանից հետո, ըստ Զարզանդ Կուջոյանի, Գրիգոր Ափոյանը հարվածել է նրա դեմքին: Տուժվող Զարզանդ Կուջոյանը հունիսի 20-ին դատական հայց է ներկայացրել ֆիզիկական վնաս ստանալու համար:

Գրիգոր Ափոյանը համաձայն չէ մեղադրանքի հետ: Ըստ նրա, դա ճնշում է գյուղապետի կողմից, նրա համար որ նա փակցնում էր ընդդիմադիր գործիչ՝ Պաատա Բուրչուլաձեի հրավերները:

«Ես այդպիսի բան չեմ արել: Լեզվակռիվ իրականում տեղի է ունեցել, բայց ես չեմ հարվածել նրա դեմքին: Ես փակցնում էի հրավերները պատերին, նա չիմանալով որ դա հրավիրատոմս է, մտածելով որ դրանք պաստառներ են, աղմուկ բարձրացրեց, բոլոր մարդկանց խառնեց իրար: Պաատա Բուրչուլաձեն պիտի ժամաներ մեր գյուղ, և որպեսզի մարդիկ տեղյակ լինեին այդ մասին ես փակցնում էի հրավերները: Ես պարզապես հրել եմ նրան կողքի: Նա հարբած էր », – ասում է Գրիգոր Ափոյանը:

Դատը արդեն երրորդ անգամն է հետաձգվում է, և բոլոր այդ նիստերին հայցվոր՝ Զարզանդ Կուջոյանը ներկա չի գտնվել:

Մենք զանգահարեցինք Զարզանդ Կուջոյանին իմանալու համար իր դիրքորոշումը: Նրա խոսքերով, ինքը տեղյակ չի եղել դատական լսումների օրերի մասին և այդ իսկ պատճառով ներկա չի եղել:

«Հրավիրատոմսերի մասին ոչ մի խոսակցություն չի եղել, ես պարզապես ուզում էի իմանալ, թե ով իմ տարածքում ինչ է փակցնում, ես ունեմ դրա իրավունքը: Նա իմանալով այդ մասին մեքենայով եկավ և փակեց մեր ճանապարհը: Դուրս եկավ մեքենայից և սկսեց վիրավորել մեզ, թե ինչու ենք հետաքրքրվում նրա գործերով, ինչու ենք եկել իր մոտ: Նա նախկինում պատգամավոր էր, իսկ հիմա ոչ: Ես պարզապես կանգնած էի, նա առաջացավ և հարվածեց երեսիս: Ինձ հետ երկու հոգի կային, նրա հետ նույնպես երկուսը և նրանք կանգնեցրին նրան », – մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Զարզանդ Կուջոյանը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին, ժամը 12:00-ին, Ախալքալաքի շրջանային դատարանում:

Վրաստանի քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածի համաձայն, ծեծ կամ այլ բռնությամբ ֆիզիկական ցավ պատճառելով տուժողին, բայց չհասցնելով կարճաժամկետ խանգարման կամ աննշան կամ ընդհանուր աշխատունակության անկայուն կորստի պատժվում է տուգանքով կամ հասարակությանը օգտավետ ծառայությամբ, հարյուր քսանից` հարյուր ութսուն ժամանոց աշխատանքի ժամկետով, կամ ուղղիչ աշխատանքներով, մինչ տասնհինգ ամիս աշխատանքային ժամկետով, կամ ազատազրկմամբ `երկու տարի ժամկետով:

Շուշան Շիրինյան