Նինոծմինդայի շրջանի գյուղերի բնակիչները, ովքեր տուժել են կարտոֆիլի սերմի մշակման դեղամիջոցից, չեն ստորագրել դեղամիջոցը մատակարարող ընկերության կողմից իրենց ներկայացված պայմանագիրը, նրանք վարձել են փաստաբանի, ով զբաղվում է իրենց իրավունքների պաշտպանությամբ, ծայրահեղ դեպքում նրանք կդիմեն դատարան:

Մոտ 20 օր առաջ ՍՊԸ «Մակրիոլի» ներկայացուցիչները, որը հանդիսանում է «Սելեստ Տոփ» կարտոֆիլի սերմի մշակման պաշտպանիչ դեղամիջոցի մատակարարը, եղել են Նինոծմինդայի Փոքր Խանչալի գյուղում: Նրանք առաջարկել են հողագործներին, որոնց կարտոֆիլի դաշտերը փչացել է «Սելեստ Տոփ» դեղամիջոցից, կնքել պայմանագիր, որպեսզի պայմանագրի համաձայն նրանց վճարեն փոխհատուցում: Սակայն, Փոքր Խանչալիի բնակիչներից ոչ-ոք չի ստորագրել պայմանագիրը, հաշվի առնելով անընդունելի պայմանները: Ըստ բնակիչների, պայմանագիրը ստորագրել են միայն Մեծ Խանչալի գյուղից երկու հոգի, այն էլ չհասկանալով:

Գյուղացիները, ովքեր մշակել են կարտոֆիլի սերմերը գարնանը, «Սելեստ Տոփ» դեղամիջոցով տուժել են, քանի որ կարտոֆիլը չի աճել, և նրանք քիչ հավանական է, որ ստանան բերք: Այս մասին jnews.ge գրել էր նյութ անցած ամիս:

Սարո Մահտեսյանը կարծում է, որ իրենց ուզում են խաբել, նա ասում է, որ, ըստ «Մակրիոլ»-ի ներկայացուցիչների ներկայացրած պայմանագրի, մեղավոր է երրորդ, բնակիչների համար անհայտ մի ընկերություն, որը ինչպես երևում է, պետք է ապահովի փոխհատուցումը:

«Նրանք ներգրավում են երրորդ կողմին: Այս համաձայնագրում կար մի կետ, որ մենք չունենք պահանջ նրանցից(ՍՊԸ «Մակրիոլի»), մենք համաձայն չենք այս կետի հետ, և չստորագրեցինք, ինչպես թե մենք նրանց դեմ պահանջ չունենք, եթե մենք նրանցից ենք գնել, իսկ այդ երրորդներին մենք չգիտենք: Մենք նույնիսկ կարծում ենք, որ այդ երրորդ ընկերությունը չկա: Պայմանագրի վերջում կար մի կետ, որ այդ պայմանագիրը ստորագրելու դեպքում, մենք չենք կարողանա դատական ​​հայց ներկայացնել», – ասում է Սարո Մահտեսյանը:

Բացի այս ամենից, բնակիչներին անհանգստացնում է նաև այն, որ պայմանագրի ձևաթղթիկը չի ունեցել ոչ կնիք, ոչ ստորագրություն:

«Նրանք առաջարկել են մեզ վճարել միայն ծախսերը, այն էլ վճարելու են հաջորդ տարվա մեջ: Բայց մենք ուզում ենք, որ վճարեն նաև չվաստակած եկամտի գումարը, բայց նրանք չեն համաձայնում: Իսկ միայն ծախսերը շատ քիչ է: Ես ունեմ 2 հեկտար 20 ար, ամբողջը վնասվել է: Ես միայն սերմերի և պարարտանյութի վրա ծախսել եմ 10 000 լարի: Իսկ նրանք երևի վճարեն 3000-4000 լարի և վերջ: Եվ չեն ասում, թե որքան կվճարեն: Իսկ, թե որքան շահույթ կարող էի ես ստանալ 2 հա 20 ար-ից, պետք է նաև սա հաշվի առնել», – ասում է Հարություն Նազարյանը:

Հարություն Նազարյանը շատ ուրախ է, որ չի ստորագրել պայմանագիրը, քանի որ կարծում է, որ նման հարցերը պետք է լուծեն իրավաբանները, որպեսզի տուժածները չխաբվեն: Բնակիչները դժգոհում են, որ իրենք երկու անգամ նամակ են գրել Գյուղատնտեսության նախարարությանը, սակայն պատասխան չեն ստացել, և նրանց ասածի համաձայն, տեղի իշխանությունները նույնպես չեն գնացել, և չեն հետաքրքրվել այս դեպքով:

«Ագրոջավախեթի»-ի հիմնադիր Սոսո Ամիրխանյանը, ում խանութից որ գնել են “Սելեստ Թոփ”-ը, մեզ ասաց, որ այդ հարցերով պետք է դիմել «Մակրիոլիին»:

«Որքանով ես գիտեմ, դեռ ընթանում է բանակցային գործընթացը: Ես նույնպես, որպես տուժող դեռ չեմ ստորագրել պայմանագիրը: Եթե ծախսերը ծածկեն, ես երջանիկ կլինեմ: Հնարավոր եկամուտների մասին էլ, ես առնվազն 200 տոննա կարտոֆիլ կստանայի, որքանով իրական է պահանջել դա», – ասում է Սոսո Ամիրխանյանը:

Մոտ 40 հոգի, ովքեր տուժել են դեղամիջոցից միացել են և վարձել փաստաբան, որպեսզի նա պաշտպանի իրենց իրավունքները, որպեսզի մտցնի փոփոխություններ պայմանագրում ի շահ հողագործների, իսկ պատասխանատու ընկերության բնակիչների պայմաններին չհամաձայնելու դեպքում, նրանք մտադիր են դիմել դատարան:

Մենք կապվեցինք փաստաբան Իրակլի Գվարամաձեի հետ, ով զբաղվում է հողագործների գործով, նա ասաց, որ այժմ ընթանում է վնասի չափի ճշգրտման գործընթացը:

«Երբ մենք հավաքենք բոլոր կոնկրետ տվյալները, մենք կսկսենք կոնկրետ բանակցությունները: Այս պահին, “Մակրիոլի”-ի կողմից կա պատրաստակամություն հանդիպելու, հետո ինչ կարող է պատահել բանակցությունների ընթացքում, ես չեմ կարող ասել: Նրանք ուղարկել են պայմանագիրը, և մենք ցանկանում ենք փոփոխություններ մտցնել դրանում, ապահովելու համար ավելի շատ երաշխիքներ հողագործներին», – ասաց Իրակլի Գվարամաձեն:

Նա նաև նշեց, որ մի քանի ընկերություններ կմասնակցեն բանակցություններին:

«Մենք դեռ չենք պայմանավորվել, ով է պատասխանատու լինելու վնասի համար: Դա կբացատրի մանրամասները, մենք դեռ չունենք կոնկրետ արդյունք: Կան մի քանի ընկերություններ, որոնք ներգրավված են վնասի հարցում», – ասաց Իրակլի Գվարամաձեն jnews.ge-ի հետ հեռախոսազրույցում:

Հիմա ընթանում է պարզաբանման գործընթացը և հայտնի չէ, թե որքանով վնասները կփոխհատուցվեն հողագործներին, սակայն այն փաստը, որ նրանք պնդում են պաշտպանելու իրենց իրավունքները և պայքարում են դրա համար ոգևորիչ է, և դարձնում է նման իրավիճակների հնարավոր կրկնությունը շատ ավելի բարդ:

Շուշան Շիրինյան