Մհեր Գոմցյանը ազատվել է աշխատանքից` Վրաստանի ՆԳՆ-ի Նինոծմինդայի ոստիկանությունից: «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչների կարծիքով պատճառն այն է, որ նրա մայրը Ախալքալաքում կուսակցության շտաբի աշխատակից է, Ներքին Գործերի նախարարությունը պարզաբանում է, որ Գոմցյանը ինքն է դիմում գրել և հեռացել աշխատանքից:

Մհեր Գոմցյանը Վրաստանի ՆԳՆ-ի Նինոծմինդայի ոստիկանության աշխատակից էր, վերջերս (մոտավոր օգոստոսի 2-ին), նա հրաժարվել է իր պաշտոնից: «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները, մասնավորապես Զուրաբ Չիլինգարաշվիլին հայտարարել է, որ Գոմցյանը աշխատանքից ազատվել է, քանի որ նրա մայրը` Լիդա Անտանոսյանը կուսակցության ակտիվիստ է: Լիդա Անտանոսյանն սկսել է աշխատել Ախալքալաքի «Ազգային շարժման» նախընտրական շտաբում մեծամասնական պատգամավորի ներկայացման օրվանից, այսինքն՝ հուլիսի 14-ից, սակայն մինչ այդ նույնպես, ըստ պատգամավորի թեկնածու Արսեն Կարապետյանի, նա կուսակցության ակտիվիստ է եղել:

Ախալքալաքի շտաբում մեզ ասացին, որ դեռ չեն կարող պնդել, որ պատճառը իրոք քաղաքական է, բայց ասացին, որ պարզում են իրավիճակը:

Ներքին Գործերի նախարարության մամլո ծառայությունից ասացին, որ Մհեր Գոմցյանը հեռացել է աշխատանքից իր սեփական դիմումի հիման վրա, գրված` իր սեփական ձեռքով, և որ ոչ մի քաղաքական որոշում չի եղել:

Ինքը՝ Մհեր Գոմցյանը հրաժարվեց մեկնաբանել ստեղծված իրավիճակը, ասելով. «Թույլ տվեք դեռ ձեռնպահ մնալ մեկնաբանություններից», սակայն ինչու՞ դեռ, ինչի՞ց է կախված և ե՞րբ կհամաձայնի մեկնաբանել, նույնպես չմանրամասնեց: