Վաչիան գյուղում Քաչոտյանների ընտանիքի 4 անդամների սպանության գործով մեղադրյալ Նոդար Ակոպովի մայրը զանգահարել է սպանվածների հարազատներին և տեղեկացրել, որ իր որդին չի կատարել սպանությունը, հավելելով, որ սպանությունը կատարել են իր որդու զոքանչն ու աներորդին:

Սպանվածների հարազատները չեն հավատում, որ Ակոպովը մեղավոր չէ:
«Երկու օր առաջ զանգահարել էր բարեկամներից մեկին և ասել, որ իր որդին մեղավոր չէ: Այդ համարով հետ եմ զանգել, ու նույն բանն ինձ է ասել: Բայց նման բան չի կարող լինել, քանի որ իր որդին մանրամասն պատմել է սպանության մասին: Մայրը ճիշտ է ասում մենակ էն մասով, որ իր որդին միայնակ չի եղել: Այս փաստը ապացուցում է, որ սպանությունը մի հոգու ձեռքի գործ չէ, այլ նախօրոք պլանավորված»,- ասաց սպանված ընտանիքի հարազատներից մեկը, խնդրելով չհրապարակել իր անունը:

Սույն հեռախոսազանգի մասին անմիջապես հաղորդվել է Ախալքալաքի, Ախալցիխեի և Թբիլիսիի ոստիկանությանը: Կոնկրետ այդ հեռախոսազանգի հիման վրա ինչ գործողություն է տարվում սպանության գործի հետաքննության շրջանակներում, ոստիկանությունում չճշտեցին, հիմնավորելով, որ մանրամասները չեն հրապարակում ելնելով հետաքննության շահերից: Սակայն, միաժամանակ նշեցին, որ հետաքննությունը արձագանքում է և հաշվի է առնում յուրաքանչյուր մանրամասնություն, որը ի հայտ է գալիս:

Նշենք, որ հուլիսի 9-ի գիշերը լույս 10-ին Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին՝ 37-ամյա Օֆելյային, 16 տարեկան Արմինեին, 18՝ Ասյային և 5-ամյա Սերգեյին սպանել էին սեփական տան մեջ:

Հետաքննությունն իրականացվում է ծանրացնող հանգամանքներում կանխամտածված հանցագործություն կատարելու փաստի վերաբերյալ (Վրաստանի Քրեական օրենսգրքի, 109-րդ հոդվածի, 3-րդ կետի «Ա» – ենթակետ):

Աղունիկ Այվազյան