Երեք տարի է, ինչ Տերյան փողոցի բնակիչ Համլետ Տաշչյանը պայքարում է, որպեսզի ուղղեն իր տան դիմաց կատարված սխալ ասֆալտապատման հետևանքները: Փողոցը ասֆալտապատված է, իսկ իր տան առջևի մայթը` ոչ: Տաշչյանը ինքն է ստիպել, որ մայթի ասֆալտը շինարարները նորից քանդեն:

Երեք տարի առաջ, Ախալքալաքի Տերյան փողոցում իրականացվել է ասֆալտապատում: Տերյան փողոցի տուն №1-ը շատ ավելի ցածր է գտնվում, քան մնացած տները: Փողոցի վերականգնման աշխատանքների ժամանակ տուն №1-ի մայթը ևս ասֆալտապատվում է: Որից հետո, տան ճակատային ստորին մասը, պատուհանները գրեթե ամբողջությամբ հայտնվում են ասֆալտի տակ: Այդ ժամանակ սեփականատերերը տանը չեն լինում, նրանք գալիս են միայն ամռանը:

Երկու տարի առաջ, Տերյան փողոցի №1 տան բնակիչ՝ Համլետ Տաշչյանը գրավոր բողոքում է Շրջանային վարչությանը, որից հետո շինարարական ընկերության աշխատակիցները քանդում են ասֆալտը և հանում մայթից մանրախիճը, մնացորդները հավաքելով տան դիմաց, փողոցի վրա: Համլետ Տաշչյանի խոսքով, նրան «Ջավախավտոգզա» շինարարական ընկերությունից (որը ասֆալտապատել է) խոստանում են լցնել մանրախիճ և ասֆալտապատել, բայց այնպես, որ պատուհանները և տան ճակատային ստորին մասը չհայտնվի ասֆալտի տակ:

«Արդեն երկրորդ տարին է դիմում եմ գրում, խոստանում են անել, բայց միայն խոստանում են: Բողոքում եմ, ասում են դիմում գրի, գրում եմ դիմումը, և վերջ: Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչպես են ընդունել այդ աշխատանքները», – դժգոհում է Համլետ Տաշչյանը:

тащян1

Տերյան փողոցի սկիզբը, մինչ Միկոյանի խաչմերուկը ընկնում է քաղաքի ծայրամասում: Այստեղ, բացի №1 տան մայթի ասֆալտից, կան նաև այլ ենթակառուցվածքային խնդիրներ: Օրինակ, կոյուղու բաց դիտահորը, որը ծառայում է նաև որպես դիտահոր ջրի արտահոսքի համար ասֆալտապատման պահից բաց է: Այն լցված է աղբով: Բնակիչները ասում են նաև, որ այս հատվածը չի լուսավորվում:

Ենթակառուցվածքային ծառայությունների, տարածքային ձևավորման, շինարարության և ճարտարապետության ղեկավար՝ Ալբերտ Նահատակյանը հավաստիացրեց մեզ, որ այս տարի ամեն ինչ կարվի:

«Այս հատվածի հարակից փողոցները տենդեր-մրցույթի համաձայն այս տարի ասֆալտապատվելու են, և ես վստահ եմ, որ դա նույնպես կարվի», – ասաց Ալբերտ Նահատակյանը: Բացի այդ, նա նաև նշեց, որ լուսավորման խնդիրը կլուծվի, քանի որ այս տարի նախատեսվում է քաղաքի բոլոր մութ փողոցները լուսավորել:

Շուշան Շիրինյան