Ախալքալաքի Վաչիան և Բարալեթ գյուղերի պարային համույթները կմասնակցեն «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին, իսկ իրենց ելույթները կնվիրեն Վաչիանում սպանված Քաչոտյանների ընտանիքի հիշատակին:

Համահայկական «Իմ Հայաստան» պարի փառատոնը կմեկնարկի վաղը, հուլիսի 22-ին Երևանում: Այսօր մասնակից համույթները արդեն մեկնեցին Երևան նախապատրաստվելու համար: Այս տարի փառատոնին կմասնակցեն մոտավոր 50 խումբ աշխարհի տարբեր երկրներից: «Իմ Հայաստան» փառատոնը կտևի 10 օր, սակայն Ախալքալաքի համույթները կմասնակցեն մինչև հուլիսի 25-ը:

«Մեր հնարավորությունները սահմանափակ են, դրա համար մենք կմասնակցենք մինչև ամսի 25-ը, յուրաքանչյուր խմբում 20-ական մասնակից ունենք», – ասաց Վաչիան պարային համույթի ղեկավար Նասլեթ Քեյանը:

Միաժամանակ ավելացնելով, որ Ջավախքի պարային համույթները իրենց ելույթները կնվիրեն Վաչիան գյուղում հուլիսի 10-ին դաժանաբար սպանված Քաչոտյան ընտանիքի հիշատակին:

«Իմ Հայաստան» համահայկական պարի փառատոնին Բարալեթի խումբը հանդես կգա՝ Ջավախքի «Ետ ու առաջ» պարով, իսկ Վաչիանի խումբը կպարի՝ Իշխանաց պարը: Առաջին անգամ «Իմ Հայաստան» համահայկական պարի փառատոնն անցկացվել է 2012-ին, և այս տարի անցկացվում է 3-րդ անգամ:

Աղունիկ Այվազյան