ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը ազատ են արձակվել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում պատանդ պահվող ոստիկանության մեկ ծառայող, ինչպես նաեւ մեկ քաղաքացիական անձ՝ շտապօգնության մեքենայի վարորդ:

«Այդուհանդերձ, զինված խումբը հրաժարվում է ազատ արձակել բռնությամբ պահվող այլ անձանց, այդ թվում՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների, վայր դնել զենքերը եւ հանձնվել իշխանություններին:

Կատարված հարձակման հետեւանքով ապօրինի ազատազրկված անձանց կյանքը եւ առողջությունը շարունակում է վտանգված մնալ: Արդեն իսկ մի քանի հանցանք կատարած եւ իրենց տրամադրության տակ մեծ քանակի զենք ու ռազմամթերք ունեցող ահաբեկիչներն ակնհայտ եւ անմիջական վտանգ են ներկայացնում ոչ միայն պատանդների, այլեւ հանրության համար»,- ասված է հաղորդագրությունում:

ԱԱԾ-ում նշում են, որ ՀՀ իրավապահ մարմինները ձեռնարկում են բոլոր միջոցները իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու համար, սակայն ստեղծված պայմաններում դա կարող է բավարար չլինել:

«Ուստի մեկ անգամ եւս հորդորում ենք զինված խմբի անդամներին ձեռնպահ մնալ նոր զոհերի եւ այլ ծանր հետեւանքների հանգեցնող հանցավոր գործողություններից եւ դադարեցնել զինված դիմադրությունը: Դրա համար դեռ կա ժամանակ եւ հնարավորություն»,- նշում են ԱԱԾ-ում:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի վաղ առավոտյան ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման ընթացքում սպանվել է գնդապետ Արթուր Վանոյանը, հրազենային վնասվածքներ են ստացել ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ենթասպա Գագիկ Մկրտչյանը, ոստիկանության մի շարք ծառայողներ ստացել են մարմնական այլ վնասվածքներ: