Վաչիանցիները չեն հավատում, որ Քաչոտյանների ընտանիքի սպանությունը մի հոգի է կատարել: Նրանք ոստիկանությունից պահանջում են արդար հետաքննություն և ինֆորմացիա գործի ընթացքի մասին:

Այսօր, առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում մի խումբ վաչիանցիներ հավաքվել էին Ախալքալաքի ոստիկանության շենքի դիմաց: Արդեն մեկ շաբաթ է անցել սպանությունից, բայց վաչիանցիները ոչ մի ինֆորմացիայի չեն տիրապետում, թե կոնկրետ ինչ ընթացքում է գտնվում գործը:

Վաչիանցիներից կազմված 5 հոգանոց խումբը հանդիպեց ոստիկանների հետ, որտեղ նրանց ասել են.

«Ոստիկանությունը օպերատիվ աշխատում է: Մոտ մեկ շաբաթվա ընթացքում պարզ կլինի մանրամասների մասին, երբ պարզ լինի դատաբժշկական եզրակացությունը», – ասաց Քաչոտյանների ընտանիքի հարազատներից Սոս Ալեքյանը, ով մասնակցել է ոստիկանների հետ հանդիպմանը:

Վաչիանում ոչ-ոք չի հավատում, որ դաժան սպանությունը մի հոգի է կատարել: Նրանք չեն հասկանում, թե ինչ շարժաթիռներից ելնելով է մարդասպանը գործել:

Նշենք, որ Քաչոտյանների ընտանիքի սպանության գործի քննությունը կատարվում է Ախալցիխեում:

Աղունիկ Այվազյան