2016 թ.-ի Խորհրդարանական ընտրություններից 3 ամիս առաջ քաղաքական կուսակցությունները Ախալքալաքում կամ չունեն թեկնածուներ կամ էլ հրաժարվում են ավելի բաց լինել:

GRASS (Վրաստանի բարեփոխումների ասոցիացիան) սկսել է նոր նախագիծ, որը ֆինանսավորում է Վրաստանում Նիդեռլանդների դեսպանատունը: Նախագծի շրջանակներում GRASS-ը հանդիպում է տարբեր քաղաքական կուսակցությունների հետ Բաթումում, Մառնեուլում և Ախալքալաքում: Այս հանդիպումների նպատակն է պարզել, թե ինչ ծրագրեր ունեն քաղաքական կուսակցությունները ազգային փոքրամասնությունների հետ կապված:

GRASS-ը կազմակերպել էր հանդիպում քաղաքական կուսակցությունների հետ, որոնք Ջավախքում ունեն թեկնածուներ, սակայն հանդիպման եկավ և հարցերին պատասխանեց միայն «Միացյալ ազգային շարժման» Ախալքալաքի շտաբի պետը: Մնացած կուսակցությունների ներկայացուցիչները ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչներին հաղորդել էին, որ իրենք դեռ չունեն թեկնածուներ: Որոշ կուսակցության ներկայացուցիչներ նշանակեցին առանձին հանդիպումներ, իսկ ոմանք էլ հրաժարվեցին հանդիպել, հիմնավորելով իրենց մերժումը՝ խիստ զբաղվածությամբ:

GRASS-ի ներկայացուցիչ՝ Գիորգի Ռոստոմաշվիլին պատմեց, որ նման խնդիրներ մյուս քաղաքներում չեն եղել, որտեղ նրանք հանդիպումներ են անցկացրել: Ախալքալաքում առանձին հանդիպումներ են խնդրել Բուրչուլաձեի կուսակցության թեկնածու՝ Արտյուշ Համբարձումյանը և Հանրապետական կուսակցության թեկնածու՝ Աշոտ Սահարյանը: Հանդիպումը Արտյուշ Համբարձումյանի հետ անցկացվեց առանձին, իսկ Վրաստանի «Հանրապետական» կուսակցության թեկնածուն մեկ համաձայնում էր, ապա հետաձգում հանդիպումը, ի վերջո հրաժարվեց հանդիպել GRASS-ի ներկայացուցիչների հետ:

«Մենք աշխատում ենք լեյբորիստական կուսակցության հետ, ինչպես նրանք ասացին Ախալքալաքում չունեն թեկնածու, սակայն նրանք ներկայացուցիչներ ունեն և Բաթումում և Մառնեուլում: Մենք աշխատում ենք նաև Իրակլի Ալասանիայի կուսակցության հետ, նրանք նույնպես այստեղ չունեն ներկայացուցիչ, սակայն ունեին Մառնեուլում և Բաթումում, նրանք ասացին, որ աշխատում են այս հարցի շուրջ: «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչների հետ հանդիպել ենք 3 քաղաքներում և նրանք շատ բաց էին և պատասխանեցին մեր բոլոր հարցերին: Բացի այդ, մենք աշխատում ենք նոր քաղաքական շարժում «Գիրչիի» հետ: Նրանք ունեին ներկայացուցիչ միայն Բաթումում: «Վրացական երազանքը» մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք ընդհանրապես չունեն ժամանակ այս հարցի համար, և որ նրանք չեն ցանկանում աշխատել մեզ հետ: Մենք նրանց պաշտոնական նամակ ենք գրել, որին դեռ չեն արձագանքել», – ասաց Գիորգի Ռոստոմաշվիլին:

GRASS-ը հիմնականում աշխատում է այն կուսակցությունների հետ, որոնց խորհուրդ է տվել «NIMD» (Մուլտիկուսակցական ժողովրդավարության Նիդեռլանդների ինստիտուտը), քանի որ վերջինս աշխատել է նաև Վրաստանում, նպատակ ունենալով զարգացնելու մուլտիկուսակցության և երկրների քաղաքական կյանքում ազգային փոքրամասնությունների ներգրավվածությանը: Կուսակցությունները GRASS-ի համար ընտրվել են ազգային փոքրամասնությունների հետ աշխատանքային հետաքրքրությունից ելնելով: GRASS-ը զեկույցներ է գրում այդ հանդիպումների հիման վրա և ամեն տարի ուղարկում ՄԱԿ և Եվրահանձնաժողով:

Քրիստինե Մարաբյան