Հունիսի 30-­ին Ախալքալաքի երաժշտական դպրոցում անցկացվեց ամենամյա տարեվերջյան հաշվետու համերգը, որի ընթացքում ավարտական սաները ստացան վկայականներ։

Երեխաները հանդես եկան, թե ժողովրդական և թե դասական համարներով։ Համերգի բացմանը կարճ ներկայացվեց դպրոցի սաների հաջողությունները երաժշտության բնագավառում՝ առանձնացնելով Անահիտ Ստելմաշովայի և Մարիա Աղասարյանի ձեռքբերումները։

Համերգը անցկացվեց Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության դահլիճում՝ ներկաներին ողջյունեցին Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը և Ախալքալաքի և շրջակա գյուղերի հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը, ով երաժշտական դպրոցին նվիրեց ակարդեոն, որը տրամադրել էր Սփյուռքի նախարարությունը։

Համերգին ներկա էին նաև Ախալքալաքի շրջանի Վարչության ղեկավար Էդուարդ Աղասարյանը, շրջանային վարչության մշակույթի, սպորտի, կրթության, զբոսաշրջության և երիտասարդության հարցերով բաժնի պետ Վալերի Ստելմաշովը և Շրջանային ժողովի նախագահի տեղակալ Նաիրի Իրիցյանը:

Միջոցառման վերջնամասում Ախալքալաքի երաժշտական դպրոցի տնօրենը հանդես եկավ ողջույնի և շնորհակալական խոսքով:

Ջուլիետա Տոնականյան