Հունիսի 18-ին Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնին կից բացվեց նոր, Համո Օհանջանյանի անունը կրող մասնաշենք:

Երկհարկանի այս կառույցը կրում է Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ ծնունդով ախալքալաքցի Համո Օհանջանյանի անունը:

«Համո Օհանջանյանի անունն է կրում, որովհետև նա ծնվել ու մեծացել է այս հողի վրա: Երիտասարդական կենտրոնի այս մասնաշենքը ծառայելու է ազգային գաղափարախոսության սերմանելուն, ծառայելու է հայրենասիրության դաստիարակությանը, երիտասարդների ազատ ժամանցի արդյունավետ և բովանդակալից անցկացմանը: Այն երիտասարդները, ովքեր կդաստիարակվեն այս գաղափարներով, կմնան այս հողի վրա»,- ասաց ՀՕՄ-ի Ջավախքի օժանդակության ծրագրերի ատենապետ Բագրատ Սարգսյանը:
Hamo Ohanjanyan
Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնին կից նոր մասնաշենքի կառուցումը իրականություն է դարձել ի շնորհիվ՝ Հայ համազգային կենտրոնական վարչության, Թեհրանի և Սպահանի Թեմական խորհուրդների, Թեհրանի Հայ ակումբ հասարակական կազմակերպության: Իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների Ջավախք հանձնախմբի շնորհիվ կենտրոնը կահավորվել է:
kentron3
Մասնաշենքի բացման արարողությունն սկսվեց հենց կենտրոնի սաների հայկական պարերի կատարումներով:

Ժապավենը կտրեցին Համազգային Հայ Կրթամշակութային միության կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը և ՀՕՄ-ի Ջավախքի օժանդակության ծրագրերի ատենապետ Բագրատ Սարգսյանը: Այնուհետև Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանը հոգևոր հայրերի հետ միասին կատարեց տնօրհնեքի արարողություն:
kentron2
Մասնաշենքի բացման արարողությանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, հոգևորականներ, մտավորականներ, քաղաքական ու հասարակական գործիչներ Թբիլիսիից և Հայաստանից:

Շնորհակալական խոսքերով հանդես եկան Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը, Վրաստանի խորհրդարանում Ախալքալաքի շրջանից ընտրված մեծամասնական պատգամավոր Սամվել Պետրոսյանը, Ջավախքի ըընդհանուր աժաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանը և այլք:
kentron
Ախալքալաքի երիտասարդական կենտրոնը գործում է 2007 թվականից: Կենտրոնում գործում են՝ հայերեն, վրացերեն, անգլերեն լեզուների ուսուցման խմբակներ, հայոց պատմության, համակարգչային խմբեր: Ինչպես ազգագրական պարի, երգի, ասեղնագործության, նկարչության, շախմատի և թատերական խմբակներ: Այսօրվա դրությամբ Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնն ունի շոտ 300 սան:
kentron1
Աղունիկ Այվազյան