Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում շուտով կգործի համակարգչային տոմոգրաֆիայի ծառայությունը:

Ջավախքի բնակիչները ստիպված են լինում հարյուրավոր կիլոմետրեր անցել, որպեսզի Թբիլիսիում և Երևանում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (MTR, յամեր), համակարգչային տոմոգրաֆիայի (KT) կամ ռենտգենաբանական հետազոտություններ անցնեն:

Ախալքալաքի Շրջանային հիվանդանոցը համալրվել է համակարգչային տոմոգրաֆիայի սարքավորումով: Մասնագետներն այսօրվա դրությամբ տեխնիկան են մոնտաժում, տեղադրում:

«Բնակչության կողմից պահանջը շատ մեծ է, ցավոք սրտի մենք ստիպված ենք ծանր հիվանդներին կոմպյուտերային տոմոգրաֆիկ ստուգման համար ուղարկել Թբիլիսի: Մեզ մոտ լինելու դեպքում այդ հիվանդները կմնան այստեղ և բուժումը կստանան տեղում: Մասնագետի խնդիր չունենք: Եվ բուժքույրերը և բժիշկը 4 ամիս Թբիլիսիում հատուկ վերապատրաստում են անցել», – ասաց Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի մենեջեր Ալեքսանդր Թորոյանը:

Համակարգչային տոմոգրաֆիան ունիվերսալ հետազոտություն է, որը կիրառվում է գլխուղեղի, կրծքավանդակի, որովայնի և կոնքի օրգանների, ինչպես նաև ոսկրերի համալիր հետազոտության համար: Հետազոտությունը կատարվում է ինչպես առանց, այնպես էլ կոնտրաստ նյութի ներերակային ներարկման եղանակով: Բացի ներքին օրգանների մանրամասն հետազոտությունից, վերջինս հնարավորություն է տալիս գնահատել նաև մինչև 2մմ տրամագիծ ունեցող արյունատար անոթների ընթացքը և նրանց առկա ախտահարումները, այդ թվում նաև սրտամկանը սնուցող կորոնար զարկերակները: Այս հետազոտությունն ունի մի շարք առավելություններ: Այն կարճատև է, ուստի որոշ դեպքերում կարող է փոխարինել ինվազիվ կորոնարոգրաֆիային:

«Իմացել եմ, որ մեր հիվանդանոցն արդեն ունի KT, բայց ինքս դեռ չեմ օգտվել: Անցած տարի ուժեղ գլխացավեր ունեի, KT-ի համար մեր հիվանդանոցից ուղարկեցին Երևան: Իսկ Երևան գնալը գումարի ու ժամանակի խնդիր է», – ասաց Գրիշա Մարաբյանը:

Նշենք, որ Համակարգչային տոմոգրաֆիայի ժամանակ օգտագործվում է ավելի բարդ և ուժգին X–ճառագայթներ հատուկ սենսորների հետ միասին։ Հիվանդը հորիզոնական դիրքով պառկում է հատուկ շարժական սեղանի վրա, որը մտնում է ռենտգենյան խողովակի մեջ։ Էկրանի վրա պատկերները ի հայտ են գալիս բազմաթիվ նեղ ճառագայթների և դետեկտորների օգնությամբ, որոնք հիվանդի շուրջ պտտվում են 360 աստիճանի տակ։ Այս պրոցեսը կարելի է նմանեցնել հացը բարակ շերտերով կտրելուն և ամեն մի շերտը ապարատով նկարելուն։ Համակարգիչը հավաքում է այդ նկարները և հնարավորություն է տալիս բժշկին տեսնելու մարմնի հետազոտվող շրջանի առանձին շերտերի նկարները։ Վերջին սարքավորումները կարողանում են պսակաձև կամ պարուրաձև նկարել մարմինը, որի շնորհիվ հետազոտման պրոցեսը արագ է ընթանում։

Հետազոտության արդյունքում տրվում է ռադիոլոգիական եզրակացություն և ՀՏ պատկերներ` տպագրված ֆոտոթղթի վրա, ինչպես նաև այդ պատկերների թվայնացված էլեկտրոնային պատճենը՝ CD/DVD սկավառակի վրա: Հիշեցնենք, որ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (MTR, յամեր), համակարգչային տոմոգրաֆիայի (KT) հետազոտությունների ախտորոշումները համարվում են մոտ 100%-անոց ճշգրիտ և աշխարհի բոլոր երկրների բուժծառայություններն իրենց ախտորոշումներն իրականացնում են` հիմնվելով համակարգչային եզրակացության վրա:

Աղունիկ Այվազյան