Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Երկու առաջնորդների համատեղ մամլո-ասուլիսը տեղի է ունեցել հունիսի 15-ին Բեռլինում:

Ըստ Կվիրիկաշվիլիի, Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ նրանք խոսել են տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտությունների, ինչպես նաև վրաց-ռուսական հարաբերությունների և Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակի մասին: Ինչպես նաև Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կանցլերին Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում հաստատակամ աջակցության համար:

«Գերմանիան կարևոր դեր է խաղում այս հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, այդ թվում նաև, որպես ԵԱՀԿ նախագահություն: Մենք փոքր երկիր ենք, սակայն, ամուր կանգնել ենք Եվրոպայի և ՆԱՏՕ-ի կողքին, տարբեր առաքելությունների և ահաբեկչության դեմ պայքարում: Մենք հաստատակամորեն իրականացնում ենք ՆԱՏՕ ինտեգրումը և քայլեր ձեռնարկում այդ ուղղությամբ, մենք խոսեցինք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի կարևորության մասին», – հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Վրաստանի վարչապետը նշել է նաև, որ նրանք միասին պատրաստվում են 2017 թվականին նշել Վրաստանի և Գերմանիայի բարեկամության մեկ տարին:

«Ուզում եմ օգտվել այս հնարավորությունից հրավիրելու Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության կանցլերին Վրաստան, որ նա մեզ հետ միասին տոնի Վրաստանի և Գերմանիայի բարեկամության տարին», – ասել է Կվիրիկաշվիլին:

Իր հերթին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բարձրացրել է մուտքի արտոնագրերի ազատականացման թեման, նա ընդգծել է, որ այս հարցը քննարկվում է «կասեցման մեխանիզմի» համատեքստում, և դա կապված չէ Վրաստանի հետ:

«Անցյալ շաբաթ հեռախոսով, և այսօր նույնպես մենք խոսեցինք մուտքի արտոնագրերի ազատականացման մասին: Եվրահանձնաժողովը որոշել է, որ Վրաստանն արդեն կատարել է մուտքի արտոնագրերի ազատականացման համար անհրաժեշտ բոլոր չափանիշները: Այսօր էլ խոսքը գնում է այն մասին, թե երբ կկայացնենք մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ վերջնական որոշում: Ես անցյալ շաբաթ նույնպես հեռախոսազրույցի ընթացքում խոսել եմ այս մասին, որ մենք քննարկում ենք, մուտքի արտոնագրերի ազատականացումը «կասեցման մեխանիզմի» համատեքստում: Այն իսկապես չունի սերտ կապ Վրաստանի հետ, խոսքը գնում է այն մասին, որ ընդհանրապես, եթե ի հայտ գան լուրջ դժվարություններ օրինակ, եթե ժամանեն մեծ քանակությամբ ինչ-որ երկրի քաղաքացիներ, և պահանջեն քաղաքական ապաստան, ինչպես տեղի ունեցաավ անցյալ տարի Սիրիայի դեպքում: Մենք չենք ուզում, որ այս դեպքը կրկնվի, մենք կողմ ենք կասեցման մեխանիզմի ստեղծմանը: Այս հարցը հիմա պետք է լուծի Եվրախորհրդարանը, և ես հույս ունեմ, որ Վրաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի ազատականացման ներդրման քվեարկությունը Եվրախորհրդարանում տեղի կունենա շատ շուտով», – հայտարարել է Մերկելը:

Բացի այդ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստացել է ժամանակ գտնել դեպի Վրաստան ուղևորության համար:

«Ես կփորձեմ ժամանակ գտնել այցելելու համար Վրաստան: Ինձ պատմել են, ավելի ճիշտ իմ վաղեմի փորձից գիտեմ, որ Վրաստանը հրաշալի երկիր», – ասել է Մերկելը:

Էդիտա Բադասյան